Մատչելիության հղումներ

Մեկ սենյականոց բնակարանի փոխարեն` 3 մլն դրամ


Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում մեկ սենյականոց բնակարանների հավակնող ընտանիքներին կառավարությունը բնակարանների փոխարեն հատկացնում է 3 մլն դրամ:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ մարզպետարանին կառավարության այդ որոշումն իրականացնելու համար հատկացվել է 171 մլն դրամ. - «57 ընտանիքներ ունենք գյուղական բնակավայրերում, որոնք մեկ սենյականոց բնակարանի շահառու էին: Այս ընտանիքներից 40-ը կստանան, որովհետեւ մնացած ընտանիքներից մի մասը մերժվել են, մի մասը մահացած են»:

«Սա անհատույց ֆինանսական աջակցություն է», - շարունակեց Մարգարյանը: - «Սա բնակարանի գին չէ: Պարզապես կառավարությունը որոշել է 3-ական միլիոն դրամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ անօթեւան ընտանիքներին: Քաղաքացին այդ գումարը տնօրինում է իր ցանկությամբ Պարտադիր պայման չէ բնակարան ձեռք բերելը»:

Քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ դրամական փոխհատուցում է նախատեսված նաեւ Գյումրիում հաշվառված անօթեւան ընտանիքներին. - «Խոսքը 148 ընտանիքի մասին է: Նրանք ստանալու են դրամական փոխհատուցում` համաձայն կառավարության որոշման, եւ այդպես էլ հերթագրվել են: Սակայն կառավարության այդ որոշումը չեղյալ է համարվել, հիմա չի գործում»:

Այս մեխանիզմը, հիշեցնենք, կիրառվում է նաեւ Լոռու մարզում:

Հարցին, թե արդյոք Գյումրիում անօթեւանության խնդրի վերացման վերջնաժամկետ հայտարարված 2013-ի տարեվերջին չեն լինի այդպիսի ընտանիքներ, Ալբերտ Մարգարյանը պատասխանեց. - «Երկրաշարժից անօթեւան ընտանիքների քանակը 4274-ն է, որոնցից բնակարաններով ապահովման ծրագրի շահառու կարող են համարվել 3990 ընտանիքներ: Մնացածը դրամական փոխհատուցում ստացողներն էին եւ սեփական բնակելի տներ կորցրած ընտանիքներն էին, որոնք այս ծրագրի շահառու չէին համարվում: Բոլորի խնդիրը լուծվելու է: Բայց նրանց մեջ կան ընտանիքներ, որոնք ամբողջ կազմով բացակայում են հանրապետությունից` մոտ 250 ընտանիք: Մոտ 300 ընտանիքների բնակարային գործերը մերժվում են»:

Հաշվարկները ցույց են տալիս, որ անօթեւանության խնդրի վերջնական լուծման համար նմանատիպ եւս մեկ ծրագրի անհրաժեշտություն կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG