Մատչելիության հղումներ

Ընտրակաշառքը «հետզհետե զիջում է դիրքերը»


Armenia -- Armenians vote in parliamentary elections, Yerevan, 06May2012
Armenia -- Armenians vote in parliamentary elections, Yerevan, 06May2012
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ` ընտրությունների վերջնական արդյունքի վրա ունեցած ազդեցությամբ ընտրակաշառքն իր տեղը հետզհետե զիջում է վարչական ռեսուրսների չարաշահմանը:

Հայաստանում կոռուպցիոն իրավիճակի եւ նախընտրական փուլում հասարակական ընկալումների վերաբերյալ բանավեճի ժամանակ Հոկտանյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում տիրող իրավիճակը ու եզրահանգել, որ արդեն, ինչպես նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, իշխանությունների կողմից գլխավոր ճնշման գործիքը ընտրողների նկատմամբ լինելու է վարչական ռեսուրսների կիրառումը:

«Երբ գյուղապետը կամ քաղաքապետը կանչում է դպրոցների տնօրեններին եւ ասում է` այսքան թիվ պետք է ապահովեք... Եվ մի ուրիշ մեծ խնդիր էլ կա, որ մարդիկ ուղղակի մտածում են, լավ, եթե ես հանկարծ Հանրապետականին կողմ չքվեարկեմ, ուրիշը գա, ինձ կհանեն աշխատանքին: Սա հանրային ծառայության չկայացածության պատճառով է», - ասաց Հոկտանյանը:

Այս պարագայում, ինչպես նշում է Հոկտանյանը, պարտադիր չէ, որ ընտրողը գումար վերցնի ու ըստ դրա էլ քվեարկի: Վարչական ռեսուրսների կիրառմամբ լուծվում են նրանց շատ խնդիրներ, որոնց դիմաց էլ առանց գումար վերցնելու մարդիկ քվեարկում են իշխանության թեկնածուի օգտին:

«Եվ արդեն պարտադիր էլ չէ, որ մարդը գնա եւ փող վերցնի: Շատերը [կոմունալ] պարտքեր ունեն եւ այլն, դրանք փակում են, նման բաներ էլ կան», - ասաց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը` միեւնույն ժամանակ կանխատեսելով, որ նախագահական ընտրություններին վարչական ռեսուրսները անցած խորհրդարանականի համեմատ քիչ կկիրառվեն:

«Մասշտաբները դժվար թե խորհրդարանականի չափ լինեն, եթե «Բարգավաճ Հայաստան»-ը կամ այլ լուրջ ուժեր` ՀԱԿ-ը եւ այլն, չեն մտնում խաղի մեջ», - ասաց նա:

Վարչական ռեսուրսների կիրառմանն է անդրադառնում նաեւ բանավեճին ներկա «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, ով դեկտեմբերի սկզբին պատգամավորի լրացուցիչ ընտրություններում պարտվեց իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուին: Տարբեր օղակների ներկայացուցիչների ու ռեսուրսների ներգրավումը քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանը կոռուպցիայի դասական օրինակ է, նշում է Սաֆարյանը:

«Բոլոր մարդկանց բոլոր ոլորտներում հանձնարարություն է տրվում ձայներ բերել, որոշ դեպքերում ինչ-որ վճարի դիմաց, որոշ դեպքերում` որպես պարտականություն: Սա եւս կոռուպցիա է, համակարգը օգտագործելը, ժողովրդին պատկանող իշխանությունը այդ նպատակով օգտագործելը տեղով կոռուպցիա է», - ասաց Սաֆարյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հասարակությանը հորդորում է նախագահական ընտրություններին ընտրակաշառքի ակնկալիք չունենալ: Միեւնույն ժամանակ, Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հասարակության շրջանում հիասթափությունը մեծ է, ու այն իր ազդեցությունը կարող է թողնել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:

«Այդ հիասթափությունը կարող է առաջիկա ընտրություններում բերել անկանխատեսելի զարգացումների, մասնավորապես, մարդիկ վերջնականապես հույսը կտրեն ընտրությունների միջոցով որեւէ պահանջներ դնելուց եւ փոփոխություններ իրականացնելուց», - ասաց Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG