Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններ՝ Բրյուսելում


Դեկտեմբերի 19-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան – Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 11-րդ լիագումար նիստը:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին առնչվող, ինչպես նաեւ՝ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում բաց մնացած հարցերը:

Հաշվի առնելով բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը` կողմերը վերահաստատել են մինչեւ 2013 թ. Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու մտադրությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2013-ի սկզբին մեկնարկել աշխատանքները Ասոցացման օրակարգ ձեւավորելու շուրջ։ Ասոցացման օրակարգը կհանդիսանա Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ քաղաքական բնույթի փաստաթուղթ եւ կփոխարինի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին:

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2013թ. փետրվարին Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG