Մատչելիության հղումներ

Time-ը տարվա մարդ հռչակեց Բարաք Օբամային


Ամերիկյան Time ամսագիրն այսօր տարվա մարդ հռչակեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, ով ըստ պարբերականի, նախընտրական տարում կարողացավ գտնել համակիրների նոր բանակ, հաջողեց թերությունները վերածել առավելության եւ չնայած բոլոր դժվարություններին, ամեն ինչ արեց Ամերիկան առավել կատարյալ դարձնելու համար։

Օբաման հեղինակավոր այս կոչմանն արժանանում է վերջին չորս տարիների մեջ արդեն երկրորդ անգամ: 2008-ի դեկտեմբերին եւս հենց նրա դիմանկարն էր Time-ի տարեվերջյան համարի շապիկին՝ ֆինանսական ճգնաժամի օրերին ներկայացրած հավակնոտ ծրագրերի համար։ Ու թեեւ այդ ճգնաժամն այսօր վերջնականապես հաղթահարված չէ, ամերկացիներից շատերն էլ հիասթափված են, այդուամենայնիվ, Time-ը պնդում է, թե 2012-ին աշխարհում ամենազդեցիկը եղել է երկրորդ անգամ ամերիկացիների վստահությունը շահած Սպիտակ տան ղեկավարը։

Ինքը` Բարաք Օբաման, օրեր առաջ բավական անկեղծ ու հանգամանալից հարցազրույց է տվել ամսագրին` խոստովանելով, որ կատարյալ նախագահ չէ, եւ շատ խնդիրներ մինչ օրս մնում են չլուծված։

«Մենք շատ դժվարին ժամանակներ ենք անցել. Ամերիկայի ժողովուրդը արդարացիորեն հիասթափվել է ակնկալվող փոփոխությունների տեմպից, տնտեսությունը կայունացնելու պայքարը դեռ շարունակվում է, նախագահն էլ, որ ընտրվեց, կատարյալ չէ», - ինքն իր մասին ասել է Օբաման` հավելելով. - «Այդուամենայնիվ, չնայած այդ ամենին, ամերիկացիներն ասացին` սա է հենց այն, ինչ մենք ուզում ենք։ Ամերիկա, որտեղ յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն հաջողության հասնելու համար, երկիր, որտեղ բոլորը համահավասար են, եւ պետություն, որը միջազգային ասպարեզում իր գերակայությունն առաջ է տանում` հիմնվելով սեփական արժեքեների եւ հիմնարար գաղափարների վրա»։

Խոսելով իր պաշտոնավարման մասին` Օբաման նաեւ խոստովանել է, որ որոշումներ կայացնելիս մշտապես մտապահում է իր երեխաների ապագան։

«Անշուշտ, որպես ծնող, ինչ էլ մենք այսօր անենք, միեւնույնն է, մեր երեխաները վաղը կանգնելու են մարտահրավերների առջեւ, սակայն չէի ուզենա, որ նրանք խնդիրներ ունենային մեր կայացրած վատ ընտրության կամ որոշումների պատճառով։ Եվ մենք պետք է այս մասին մտածենք ողջ հասարակությամբ», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը, ով իր վարկանիշով այս տարի գերազանցել է մի շարք գերտերությունների ղեկավարների։

Նախապես հրապարակված ցանկի համաձայն, մասնավորապես, 2012-ին տարվա մարդ տիտղոսին էին հավակնում ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նրա կինը` ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, ինչպես նաեւ պակիստանցի 14-ամյա Մալալա Յուսաֆզայը, ով չնայած երիտասարդ տարիքին ու դժվարություններին, պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար։

Time-ը տարվա մարդ տիտղոսը շնորհում է 1927 թվականից, եւ արդեն 85 տարի առանձնացնում է աշխարհում իրադարձությունների վրա մեզ ազդեցություն թողած անհատներին, երեւույթներին ու հավաքական կերպարներին։ Անցած տարի արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխություններից ու ցույցերից հետո տարվա մարդ էր հռչակվել ցուցարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG