Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն նախագահի ընտրությունների համար եւս «հատուկ» թանաքանյութ կգնի


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) առաջիկա օրերին բրիտանական Lantrade Global Supplies սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետք է հայտնի, թե թանաքանյութի 14 տեսակներից որն է ընտրում փետրվարի 18-ին նշանակված նախագահի ընտրությունների ժամանակ կիրառելու համար:

«Փորձում ենք խոտանված անձնագրերի վրա իրականացնել դրոշմակնքում, հետեւել, թե քանի ժամ հետո ինչ վիճակի է հասնում եւ այլն: Մոտ օրերս ընտրությունը կկայացնենք, որից հետո կպատվիրենք նշված թանաքանյութը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանի պետական բյուջեից 35.5 հազար դոլար էր հատկացվել թանաքանյութի համար: Այս տարվա փետրվարի 10-ին ԿԸՀ-ի եւ Lantrade Global Supplies-ի միջեւ կնքված պայմանագրով բրիտանական կազմակերպությունը ԿԸՀ-ին էր տրամադրել 100 միլիգրամ տարողությամբ 2500 սրվակ թանաքանյութ, որը, ըստ պայմանավորվածության, պետք է որ անձնագրերում մնար առնվազն 12 ժամ: Սակայն քվեարկության օրը համատարած ահազանգեր գրանցվեցին, որ «հատուկ թանաքանյութով» կնքված դրոշմակնիքներն անհետանում էին անգամ րոպեներ անց: Բրիտանական կազմակերպությունը վաճառել էր նաեւ դրոշմակնքման համար անհրաժեշտ հատուկ բարձիկները: Խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ հատուկ թանաքանյութի համար պետբյուջեից տրամադրված 35.5 հազար դոլարի ավելի քան մեկ քառորդ մասը ծախսվել է մաքսազերծման նպատակով:

«Թանաքանյութի մեկ սրվակի մոտավոր արժեքը մոտ 9 դոլար է, եւ մեկ բարձիկը արժե մոտ 90 ցենտ», - տեղեկացրեց Մուկուչյանը` բացառելով, որ բրիտանական կազմակերպությունը կարող է կապ ունենալ Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի հետ:

Մուկուչյանը նաեւ վստահեցրեց, որ գալիք ընտրություններում չեն արձանագրվի թանաքանյութի արագ անհետացման դեպքեր:

Հարցին` եթե, այնուամենայնիվ, նման դեպքեր գրանցվեն, հրաժարական կներկայացնի՞, ԿԸՀ-ի նախագահը պատասխանեց. - «Խնդիրը Մուկուչյանի հրաժարվել կամ չհրաժարվելու մեջ չէ: Մի քանի դեպքեր ունեցանք, երբ հանձնաժողովի մի քանի անդամներ երեւի թե ոչ միամտորեն, բայց բավականին թույլ [թանաքով] փորձում էին դրոշմակնքում իրականացնել»:

Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ն տեղամասային հանձնաժողովների 16 հազար անդամների համար կազմակերպելու է դասընթացներ. կարեւորագույն դիտակտիկ նյութն է լինելու այն, թե ինչպես է պետք դրոշմակնքել անձնագրերը, որ թանաքանյութը չգունազրկվի:

Անձնագրերում առնվազն 12 ժամ պահպանվող թանաքանյութով դրոշմակնիքների առկայության պահանջը պարտադիր է Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունից հետո՝ անցած տարվա մայիսից: Եվ նոր թանաքանյութի փնտրտուքը, ըստ Մուկուչյանի, արդյունք չի տվել Հայաստանում:

«Կարողացանք հասկանալ ու պարզել, որ նման նյութ առաջին անգամ կիրառվելու է մեզ մոտ, նկատի ունեմ, որ մինչ այդ որեւէ երկրում նման նախադեպ չկար, որպեսզի այդ երկրի փորձով փորձեինք հասկանալ, թե ինչ նյութ է դա եղել: Մի բան ակնհայտ էր` դա խնդիր էր, որի լուծումը պետք է տար գիտությունը, որովհետեւ նոր հատկանիշներով նյութ պետք է ստեղծվեր», - ասաց նա:

[Ըստ Տիգրան Մուկուչյանի], գիտության ոլորտի հերթական հայտնագործությունը` նոր թանաքանյութը, 35 հազար դոլարից ոչ պակաս գումարով Հայաստան կներկրվի հունվարի սկզբին` նախագահական ընտրություններից մեկուկես ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG