Մատչելիության հղումներ

«Մատաղիսի գործով» դատավճիռը կհրապարակվի այսօր


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվելու է «Մատաղիսի գործով» դատավճիռը։

2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում իրենց ծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին սպանելու մեղադրանքով նույն զորամասի երեք նախկին զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը, դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թվականի մայիսին «Մատաղիսի գործը» բեկանել եւ ուղարկել էր լրացուցիչ քննության, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողները ազատ էին արձակվել։ Սակայն 2008 թվականի ամռանը երեք նախկին զինծառայողները կրկին նույն մեղադրանքով հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, եւ միայն այս ամսվա սկզբում մեղադրող կողմը սպանության մեղադրանքը փոխեց՝ ամբաստանյալներին մեղադրելով Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել։

Նոր մեղադրանքով մեղադրող կողմը միջնորդել էր դատարանին Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, իսկ Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին՝ 8 տարվա ազատազրկման։

«Իմ պաշտպանյալները ի սկզբանե հայտարարել են, որ իրենք որեւէ կապ չունեն այս սպանության հետ եւ դատական քննության ամբողջ ընթացքը դա ցույց տվեց», - ասում է ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, - «Այս գործի միակ ելքը այն էր, որ այս տղաները ճանաչվեն անպարտ, իսկ գործը գնա նորից նախաքննական մարմին՝ իրական սպանողներին գտնելու համար»։

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, ամբաստանյալի աթոռին երեք երիտասարդների փոխարեն պետք է լիներ զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանը։

«Քրեական գործի մեջ հստակ է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի գրությունը այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ խնդրում ենք մեղմ մոտենալ Իվան Գրիգորյանի նկատմամբ, որովհետեւ նա գործուն զղջացել է եւ ազգային հերոս է։ Սեյրան Օհանյանը պարտավոր է պատասխան տալ՝ ինչի՞ համար է այդ գրությունը տվել, այդ ինչո՞ւմ է գործուն զղջացել, այդ՝ իրե՞ն է գործուն զղջացել, թե՞ Հայաստանի Հանրապետության արդարադատության առջեւ, թե՞ տուժողների հարազատների առջեւ, թե՞ մեղադրյալների, որոնք այս կարգավիճակում են», - պարզաբանում է Սաքունցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG