Մատչելիության հղումներ

Վիզայի դյուրացման համաձայնագիրը ստորագրվեց


Այսօր Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը:

«Այսօր առավոտյան կարեւոր քայլ արվեց` ստորագրվեց վիզայի դյուրացման համաձայնագիրը, որը կօգնի ապահովել քաղաքացիների ազատ եւ անվտանգ տեղաշարժը: Սա Եվրամիության հետ համագործակցության կարեւոր բաղադրիչ է», - Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորհրդի տարեկան նիստից եւ համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ 2012 թվականը Հայաստան - Եվրամիություն հարաբերություններում կարելի է համարել «հաջողված տարի»:

«Մենք մեր օրակարգը Հայաստանի հետ հասցրել ենք ավելի բարձր մակարդակի, եւ այսօրվա համագործակցության խորհուրդը եւս փաստում է, որ Հայաստանը եւ Եվրամիությունը սերտացնում են հարաբերությունները կոնկրետ ճանապարհներով: Մենք արդեն ստորագրեցինք վիզայի դյուրացման եւ Եվրոպական միության ծրագրերին մասնակցության համաձայնագրերը: Մարդկանց համար սա զգալի, շոշափելի առաջընթաց կլինի», - հայտարարեց Ֆյուլեն` հավելելով. - «Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները լավ են ընթացել: Վերջնական համաձայնության գալու համար մենք հաջորդ տարի նույնպես ակնկալում են տեսնել Հայաստանի կողմից գործադրվող կայուն ջանասիրություն»:

Վիզայի դյուրացման համաձայնագրի ստորագրման շնորհիվ Հայաստանի քաղաքացիներն ավելի քիչ կվճարեն Շենգենի գոտու երկրների մուտքի արտոնագիր ստանալու համար: Հայաստանի քաղաքացիների մի մասը Եվրամիության երկրների մուտքի վիզան կստանա դյուրացված ընթացակարգով:
XS
SM
MD
LG