Մատչելիության հղումներ

FIDH-ը կոչ է անում բարեփոխել արդարադատության համակարգը


Արդարադատության իրականացումը Հայաստանում տարիներ շարունակ մտահոգության առարկա է եղել եւ շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ:

Այս դիտարկումը մեջբերում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH), Հայաստանից ֆեդերացիային անդամակցող Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն համատեղ ամփոփագրից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած զրույցում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանն ասաց, որ այս ոլորտում ամենամեծ խնդիրը մնում է քաղաքական կամքի եւ դատական համակարգի անկախության հարաբերությունը.- «Քաղաքական իշխանությունը ազդում է դատարանների վրա: Պետք է լինի թափանցիկ քաղաքական կամք, եւ անօրինությունները, որ այսօր կան, վերջ տրվի դրանց: Դիտարկեք մի սովորական քրեական գործ եւ կտեսնեք, թե ինչքան խախտումներ են լինում»:

Մի ամբողջ բաժին անդրադառնում է իրավապահ համակարգում խոշտանգումներին եւ վատ վերաբերմունքին: Խոսվում է, որ Հայաստանւմ տեղի ունեցող խոշտանգումների մեծ մասը կատարվում է իրավապահ մարմինների պաշտոնյաների, սովորաբար ոստիկանության ծառայողների կողմից՝ ձերբակալման եւ հարցաքննության ընթացքում խոստովանություն կորզելու նպատակով:

«Արդարադատության իրականացումը ՀՀ–ում» ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին:

«Առողջ քննադատությունը միշտ տեղին է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը՝ ավելացնելով, որ այն հնարավորություն է ստեղծում հետադարձ հայացք գցել իրականացվող ռազամավարական քայլերին եւ անհրաժեշտության դեպքում որոշ ճշգրտումներ անել:

«Մենք ունենք ժառանգություն ստացած խորհրդային տարիներից ի վեր այնպիսի մի համակարգ, որտեղ բավականին լուրջ աշխատանքներ դեռեւս ունենք անելու», - նշեց նա:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ասում է, որ չի կարծում, որ օրենսդրական կամ այլ բարեփոխումներով խնդիրը լուծելի կլինի, քանզի ռեֆորմներն ընթացի մեջ են արդեն 10 տարի, իսկ արդյունք չկա:

Հարցին, թե այդ դեպքում ամփոփագիրը ներկայացնելով` ինչ արդյունք, հետեւանք կամ լուծում են տեսնում, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն արձագանքեց, թե հարկավոր է մոբիլիզացնել հանրությանը. - «Մենք այդպիսի մոբիլիզացիա ունենք բնապահպանների դեպքում: Ունենանք նման մի բան դատարանների նկատմամբ: Այդտեղ բարոյական ճնշումը շատ կարեւոր դեր ունի:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, մինչդեռ, կարծում է, որ այսպիսի զեկույցներն ու ամփոփագրերը ձեւական բնույթ են կրում, քանի որ չեն ենթադրում որեւէ հետեւանք: Նա ցավալի է համարում այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունները, որոնք հնարավորություն ունեն ճնշել Հայաստանի իշխանություններին՝ ստիպելով կատարել բոլոր պարտականությունները, ինչ-ինչ պատճառներով դա չեն անում:

«Հայաստանի իշխանությունները, զգալով իրենց անպատժելիություն, մեղմ ասած` թքած ունեն այդպիսի զեկույցների վրա: Կան տարբեր տեսակի սանկցիաներ, որոնք կարելի է կիրառել այն պայմաններում, եթե պետությունը չի կատարում իր պարտականությունները: Իմ կարծիքով, դա խոսում է մի բանի մասին, որ այն միջազգային կառույցները, որոնք կարողանում են ազդել Հայաստանի իշխանությունների վրա, մեղմ ասած` գտնվում են կա'մ կոնտրոլի տակ, կա'մ կաշառված են: Ուրիշ ոչ մի ենթադրություն ես չեմ կարող անել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դանիելյանը:
XS
SM
MD
LG