Մատչելիության հղումներ

Հրեշավոր հանցագործություն ԱՄՆ-ում


Ոստիկանը տարհանում է մարդասպանի կողմից հարձակման ենթարկված «Սենդի Հուկ» դպրոցի աշակերտներին, 14-ը դեկտեմբերի, 2012
Ոստիկանը տարհանում է մարդասպանի կողմից հարձակման ենթարկված «Սենդի Հուկ» դպրոցի աշակերտներին, 14-ը դեկտեմբերի, 2012
Ոմն 20-ամյա Ադամ Լանզան այսօր առավոտյան մտել է Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն ավանի Sandy Hook տարրական դպրոց եւ հրազենից կրակ բացել երկու դասարաններում գտնվող մարդկանց վրա։

Նա սպանել է 26 մարդ, այդ թվում հինգից տասը տարեկան 20 երեխա։ Ապա Լանզան, ըստ ոստիկանների, ամենայն հավանականությամբ, անձնասպան է եղել։

Զոհերի թվում է դպրոցի տնօրեն Դոուն Հոխսփրանգը։ Մեկ այլ հաղորդագրության համաձայն, նախքան դպրոց գնալը, Լանզան տանը սպանել է նաեւ իր մորը` Նենսի Լանզային։

«Անասելի ողբերգական տեսարան է, ես պարզապես խոսքեր չեմ գտնում»,- ասել է Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանության խոսնակ, լեյտենանտ Փոլ Վանսը։

Քննիչները տեղում հայտնաբերել են «Բուշմայսթեր» տեսակի ինքնաձիգ հրացան, ինչպես նաեւ «Գլոք» եւ «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակներ։ Ոստիկանները դպրոցից տարհանել են աշակերտներին եւ ուսուցիչներին։ Հանցագործության դրդապատճառները տակավին հայտնի չեն։

Ոստիկանները եւ ծնողները գովեստով են խոսել ուսուցիչների պահվածքի մասին, ասելով, որ նրանք «իրենց մարմիններով պաշտպանել են երեխաներին, շատ սթափ եւ արհեստավարժ են գործել այդ աներեւակայելի սարսափի պահին»։ Ծնողների խոսքերով էլ, «դպրոցի տնօրեն տիկին Հոխսփրանգը հրաշալի մասնագետ էր»։

Հանցագործի նախկին համադասարանցիների փոխանցմամբ, Ադամ Լանզան «շատ խելացի ուսանող էր, սակայն ինքնամփոփ, չշփվող, ընկերներ չունեցող անձնավորություն»։ Ադամ Լանզայի եղբայրը` 24-ամյա Ռայան Լանզան ասել է, որ «Ադամը հոգեկան խնդիրներ ուներ»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հատուկ ուղերձով։ Նախագահը ցավակցություն է հայտնել սպանվածների ազգականներին եւ ասել է, որ համայն Ամերիկան աղոթում է նրանց համար։ Նախագահն իր ելույթի ընթացքում դժվարությամբ է զսպել արցունքները։

Օբաման ասել է, թե Ամերիկան առաջին անգամը չէ, որ նման ողբերգություն է ապրում եւ որ դրա կրկնությունը կանխելու համար երկիրը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` անկախ քաղաքական ենթատեքստից։

Ըստ վերլուծաբանների, Օբամայի ակնարկը վերաբերվում է զենքի հսկողությունը խստացնելու գաղափարին, որն ԱՄՆ-ում ունի թե աջակիցներ եւ թե երդվյալ ընդդիմախոսներ։

«Եթե այս դեպքից հետո էլ չպետք է խոսենք զենքի հսկողության մասին, ապա ես չգիտեմ, թե էլ երբ դա անել,- արձագանքելով այսօրվա ողբերգությանն, ասել է Նյու Յորքից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջերոլդ Նադլերը։

Բարաք Օբաման ասել է, որ դաշնային մարմինները պատրաստ են ըստ ամենայնի աջակցել Կոնեկտիկուտի իրավապահներին։

ԱՄՆ-ի նախագահը կարգադրել է որպես սգո նշան խոնարհել պետական հիմնարկների տանիքներին տեղադրված պետական դրոշները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG