Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին` պետքարտուղարի հավանական թեկնածու


Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի հավանական թեկնածուների ցանկը կրճատվում է։

Սյուզան Ռայսը այլեւս թեկնածու չէ

Գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեռ նախագահական ընտրություններից առաջ հայտնել էր, որ անկախ ընտրությունների արդյունքից, ինքը երկրորդ անգամ չի պաշտոնավարելու։ Մինչդեռ առավել հավանական թեկնածուներից մեկը համարվող ՄԱԿ-ում Ամերիկայի դեսպան Սյուզան Ռայսը նախօրեին NBC հեռուստակայանին ասել է, որ չի հավակնում պետքարտուղարի պաշտոնին եւ այդ մասին նամակով տեղյակ է պահել նախագահ Բարաք Օբամային։

«Ես այսօր որոշել եմ, որ մեր երկրի եւ ժողովրդի համար ճիշտ կլինի, որ ես այլեւս չհամարվեմ պետքարտուղարի թեկնածու», - ասել է Սյուզան Ռայսը։

Վերլուծաբանների համոզմամբ, նա ուներ այդ պաշտոնը ստանձնելու լավ հնարավորություն, սակայն Լիբիայում` Բենգազի ավանում ամերիկյան հյուպատոսարանի վրա այս տարվա սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած արյունալի հարձակման շուրջ նրա որոշ մեկնաբանությունները օրենսդիրների զայրույթն են հարուցել, ինչը էապես կբարդացներ Սենատում նրա թեկնածությանը հավանություն տալու հարցը։


Մասաչուսեթսի սենատորը համագործակցել է հայերի հետ

Այսպիսով, պետքարտուղարի առավել հավանական թեկնածուն է դառնում Մասաչուսեթսից ընտրված դեմոկրատ-սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին, ով 2004 թվականին նախագահության թեկնածու է առաջադրվել, սակայն պարտվել է Ջորջ Բուշ-կրտսերին։

Նա ամերիկյան քաղաքական ասպարեզի վետերաններից է` 1985 թվականից սենատոր է։ Քերրին նաեւ Վիետնամի պատերազմի վետերան է եւ պատերազմից հետո անդամակցել է «Վետերաններն ընդդեմ պատերազմի» միությանը։

Ջոն Քերրին ամերիկահայության շրջանում հայտնի է որպես հայասեր քաղաքական գործիչ:


Քերրին` Օբամայի քաղաքական կնքահայր

USA Today պարբերականի փոխանցմամբ, Քերրին էական դեր ուներ Բարաք Օբամայի քաղաքական կենսագրությունում. Քերրին է առաջարկել, որ Իլինոյսից ընտրված սենատոր Օբաման 2004-ին ելույթ ունենա դեմոկրատների համագումարում. այդ ելույթով է Օբաման մուտք գործել ամերիկյան մեծ քաղաքականություն։

2008 թվականին էլ Քերրին վճռական պահին սատարել է Օբամային, երբ վերջինս Նյու Հեմփշիրի «փրայմերիզում» (ներկուսակցական նախնական ընտրություններում) պարտվել է Հիլարի Քլինթոնին։

Եվ հիմա չի բացառվում, որ նախագահն իր երախտագիտությունը հայտնի Քերրիին` նրան առաջարկելով ղեկավարել պետական դեպարտամենտը։

Չի բացառվում, բայցեւ, ինչպես ամերիկացի փորձագետներն են նշում` չի էլ պարտավորեցնում: Ի վերջո Բարաք Օբաման կարող է նաեւ այլ թեկնածու առաջադրել: Պետքարտուղարի ընտրությունը վերապահվում է նախահագին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG