Մատչելիության հղումներ

Երուսաղեմի հայոց պատրիարքին կընտրեն գաղտնի քվեարկությամբ


Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան

Այս պահի դրությամբ թեկնածուները 4-ն են: Ընտրությանը կարող են մասնակցել միայն երկուսաղեմի միաբանության անդամները:

Պատրիարքի թեկնածուներից Տեր Բաբկեն Ծայրագույն վարդապետ Անուշյանի խոսքով վերջնական որոշումը կկայացնեն Երուսաղեմի 34 միաբանները: Նրա խոսքով, ընտրությունը կատարվելու է թեկնածուների կողմից ներկայացված ծրագրերից ելնելով: Իր ծրագրում նա կարեւորում է հոգեւոր զարթոնքի անհրաժեշտությունը, որը նա բացատրում է հոգեւորականների ավելի հոգեւոր եւ աստվածաշնչային ապրելով: Մեծ կարեւորություն է տալիս նաեւ հոգեւորականների կրթությանը:

Պատրիարքի ամենաերիտասարդ թեկնածու Տեր Բաբկենի խոսքով, ընդհանուր առմամբ բոլոր թեկնածուների ծրագրերը նույնն են: Լուրջ տարաձայնություններ չկան: Թե ով կարող է դառնալ պատրիարք նա դժվարանում է ասել, քանի որ ընտրությունը գաղտնի է:

Նոր պատրիարք ընտրելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ այս տարվա հոկտեմբերի 12-ին 93 տարեկան հասակում մահացավ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Տեր Բաբկենը ասաց, որ թեկնածուները համաձայն են նաեւ այն հարցի շուրջ, որ նոր պատրիարքը պետք է մեծ ջանքեր գործադրի տեղի իշխանությունների հետ հարաբերությունները ավելի սերտացնելու հարցում:

Թե ով կդառնա Երուսաղեմի հաջորդ պատրիարքը՝ պարզ կլինի հունվարի վերջին: Ի դեպ, թեեւ այս ընտրություններին Մայր Աթոռը միջամտելու իրավունք չունի, բայց իր դիրքորոշումը կարող է արտահայտել:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի Սուրբ Խաչ եկեղեցու վանդալիզմի դեպքին՝ նա ասաց, որ արդեն կապվել է Երուսաղեմի հետ եւ տեղեկացել, որ հայկական գերեզմաններին ոչինչ չի եղել, պղծվել է վանքի հույների դուռը, որն արվել է հրեաների կողմից:

Սուրբ քաղաքի մյուս հոգեւորականների հետ լարված հարաբերություններին անդրադառնալով, Տեր Բաբկենը շեշտեց, որ հայերը, ինչպես միշտ, ապագայում եւս պաշտպանվողների դերում են լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG