Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ադրբեջան


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի
Վրաստանի նոր կառավարությունը սկսել է հանդիպումները արտասահմանյան գործընկերների հետ: Բրյուսելյան այցից հետո Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ադրբեջան:

Իվանիշվիլիի` Ադրբեջան կատարելիք այցի մասին հաղորդել է վարչապետի մամուլի գրասենյակը: Այցելության օրը չի նշվում, այն տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի վերջը:

Իվանիշվիլիի այցելության մասին հայտարարվեց հինգշաբթի օրը` Վրաստանի վարչապետի եւ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեյինի հանդիպումից հետո: Այս հանդիպմանը դեսպանը Իվանիշվիլիին է փոխանցել Ադրբեջանի վարչապետի պաշտոնական հրավերը:

Վրաստանի վարչապետի գրասենյակը հաղորդում է, որ այցելության ընթացքում Իվանիշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ իր գործընկերոջ` Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեին: Հաղորդելով այս մասին` «Կովկաս փրես»-ը նշում է, որ սա կլինի Իվանիշվիլլի արտասահմանյան երկրորդ այցելությունը: Իվանիշվիլին նոյեմբերի կեսերի այցելել էր Բրյուսել:

Ավելի վաղ «Գրուզիա օնլայն»-ը հաղորդել էր, որ այն բանից հետո, երբ հետաձգվեց Իվանիշվիլի այցելությունը ԱՄՆ-ը, նա ասել էր, թե դեկտեմբերի կայցելի Ադրբեջան: Ոչ պաշտոնական տեղեկություններով` այցելությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:

Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներով` այս տարվա տասը ամիսների արդյունքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը: Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է ավելի քան 594 միլիոն դոլարի ապրանք, արտահանել է գրեթե 524 միլիոն դոլարի ապրանք, որը կազմում է Վրաստանի ամբողջ արտահանման ծավալների 26 տոկոսը:
Ադրբեջանը համարվում է Վրաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերը, իսկ առաջինը Թուրքիան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG