Մատչելիության հղումներ

Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնակատար


Բնապահանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, նշանակումը կատարվել է Աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով եւ Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:

Հրաչյա Հովակիմյանը նախկինում աշխատել է Խոսրովի պետական արգելոցում` որպես պահպանության գծով փոխտնօրեն, 2006-2007թ.թ. բնապահպանության նախարարի խորհրդական, իսկ 2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ:

Հիշեցնենք, Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար ավելի վաղ կազմակերպված մրցույթը չեղյալ հայտարարվեց, քանի որ ինչպես հայտարարել էր նախարարությունը, մրցույթին մասնակցած միակ թեկնածուն «գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով այլ ծանրաբեռնվածություն, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու իր դիմումին»: Մրցույթը հարուցել էր բնապահպանների զայրույթը, ովքեր համոզված էին, որ հաղթած թեկնածուն չի ծառայելու արգելոցին, չի կարողանալու պայքարել որսագողերի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG