Մատչելիության հղումներ

Մեղադրողը արհեստական է համարում պաշտպանների պնդումները


Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Հարսնաքար»-ի գործով տուժող, Վահե Ավետյանի քենակալ Էդգար Նիկոյանին հարցեր ուղղեց պաշտպանական կողմը. հարցերը ուղեկցվեցին մեղադրանքի կողմի առարկություններով եւ դատավորի դիտողություններով:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը տուժող Էդգար Նիկոյանի ցուցմունքների տարբեր հատվածներ մեջբերեց եւ պնդեց, թե կան հակասություններ միջադեպի նկարագրության մանրամասների միջեւ: Պաշտպանը բազմաթիվ հարցեր ուղղեց՝ փորձելով պարզել, թե իր պաշտպանյալ Արման Խաչատրյանը հանգիստ կանգնա՞ծ է եղել «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում, թե՞ ծեծողներից է եղել:

Տուժողը հարկ համարեց կրկնել պատասխանը, որ ավտոկայանատեղիում ծեծի ժամանակ այնպիսի դիրքում է եղել, որ չի տեսել, թե ծեծողները կոնկրետ ովքեր են, միեւնույն ժամանակ պարզաբանեց, որ նախքան ծեծը այնտեղ են եղել այս գործով ամբաստանյալները, իսկ ծեծից առաջ չի տեսել այդ խմբից հեռացողների:

Երբ պաշտպան Լալայանը պնդեց, որ տուժողի ցուցմունքները հակասում են, մեղադրող Աթուր Դավթյանը գնահատեց՝ հակասություններ չկան, պաշտպանն է ստեղծում է արհեստական հակասություններ:

Ապա տուժողին նույն տրամադրվածությամբ հարցեր ուղղեց նաեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Հարցաքննության այս մթնոլորտը չփոխվեց այսօրվա դատական նիստի ժամանակ, քանի դեռ հարցերն ուղղված էին ուժող Էդգար Նիկոյանին: Պաշտպանը մեղադրողի առարկություններից հետո էլ պնդեց իր հարցադրումները՝ կապված Էդգար Նիկոյանի ցուցմունքների հետ:

Տուժող Էդգար Նիկոյանին հարց ուղղեց նաեւ ամբաստանյալ Արման Խաչատրյանը․ - «Եթե դուք ասել եք, որ ծեծկռտուքի ժամանակ ինձ տեսել եք կանգնած վիճակում, ինչի համար եք այսօր ասում, որ դուք չեք տեսել ինձ կռվի ժամանակ»:

Նիկոյանն արձագանքեց․ - «Ես պատասխանեցի արդեն, որ քանի որ կռվի ժամանակ ոչ մեկի դեմքով չեմ տեսել իրենցից, չեմ կարող ասել: Իսկ դա չի եղել այն պահը, որ ծեծկռտուքի ժամանակ եմ տեսել, այլ եղել է այն ժամանակաշրջանը, երբ հավաքված ենք եղել ավտոկայանատեղիում»:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը բազմաթիվ առարկությւոններ ներկայացրեց պաշտպանական կողմի հարցադրումների կապակցությամբ՝ որոշ դեպքերում նշելով, որ ամբաստանյալների պաշտպանները խեղաթյուրում են տուժողի ցուցմունքը:

Պաշտպանական կողմը, վկայակոչելով միջադեպի չպարզաբանված հանգամանքները, տասնյակ հարցերից հետո հայտարարեց, թե նախաքննական մամնի խնդիրն է եղել պարզապես ապահովել ամբաստանյալների քանակություն:

Այս գործով ամբաստանյալները վեցն են, մինչդեռ տուժողները պնդում են, որ ծեծողները եղել են ավելի քան քսան հոգի:

Դատարանին այսօր ցուցմունք տվեց նաեւ «Հարսնաքար»-ի գործով չորրորդ տուժողը՝ Արկադի Աղաջանյանը: Նա հակիրճ պատմեց, որ հունիսի տասնյոթին ընկերներով «Հարսնաքար» են գնացել իր ծննդյան տարեդարձը նշելու, որից հետո էլ տեղի է ունեցել ծեծկռտուքը:

Նկատի ունենալով, որ աշխատանքային օրը մոտենում է ավարտին, դատարանը որոշեց տուժողին հարցաքննությունը շարունակել հաջորդ նիստին՝ դեկտեմբեի յոթին:
XS
SM
MD
LG