Մատչելիության հղումներ

Ղարաբաղին նվիրված միջոցառում ԱՄՆ-ի Կոնգրեսում


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
Միացյալ Նահանգների Կոնգրեսում չորեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 21-րդ տարեդարձին եւ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում կկազմակերպվի, որի հիմնական բանախոսը կլինի Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի խոսքերով` միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվելու նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

«Մենք միշտ փորձում ենք պատմել, թե ինչով է ապրում այսօր Արցախը, մեր նվաճումները` անկախությունից ի վեր, մեր տեսակետը` ինչու է, որ բանակցային գործընթացը զգալի, շոշափելի արդյունքների չի հասնում, եւ, իհարկե, մենք փորձում ենք քննարկել բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կապը ունեն Արցախի կամ Արցախին վերաբերող հարցերի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ավետիսյանը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միջոցառման ընթացքում խոսվելու է ոչ միայն քաղաքական թեմաներից, այլ նաեւ ոչ պակաս կարեւոր` Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական իրավիճակից։

«Օրվա հիմնական պատգամը այն է, որ Արցախը շարունակում է զորանալ որպես ժողովրդավար երկիր, շարունակում է զորանալ տնտեսական հիմքերի վրա, եւ Արցախի ժողովուրդը արժանի է ազգային ինքնորոշման իրավունքին», - ասաց Չուլջյանը։

2005 թվականից սկսած գրեթե ամեն տարի Լեռնային Ղարաբաղի տարբեր հիշարժան օրերի կապակցությամբ Կոնգրեսում միջոցառումներ են կազմակերպվում, Ղարաբաղից ներկա գտնվող պատվիրակները հանդիպումներ են ունենում կոնգրեսականների հետ, ինչին, բնականաբար, հետեւում են Ադրբեջանի բողոքի նոտաները։

Անցյալ տարի նմանատիպ միջոցառմանը ներկա էր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ում ընդունել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Հովարդ Բերմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG