Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 5-ի մամուլ


«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Եվ այսպես` նախընտրական հիմնական բլեֆն արդեն հայտնի է. մինչեւ 2025 թվականը հայրենի կառավարությունը պատրաստվում է ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ: Այդ մասին երեկ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ կառավարությունը մշակել է «կայուն զարգացման նոր ծրագիր»: Թե իր վարչապետության 5 տարիների ընթացքում քանի նման ծրագիր, ռազմավարություն ու հայեցակարգ է մշակել Տիգրան Սարգսյանը, դժվար է ասել, սակայն դրանցից մի քանիսը` Գյումրին «նավահանգստային կենտրոն», Դիլիջանը` տարածաշրջանային Դավոս, իսկ Ջերմուկն էլ երկրորդ Կուրշավել դարձնելու ուտոպիաները հանրությունը դեռ չի մոռացել: Բանն այն է, որ, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում այսօր կա ընդամենը 80 հազար գործազուրկ, հետեւաբար նրանց աշխատանքի տեղավորման հարցը լուծելով` կառավարությունը ստիպված պետք է ձեռնամուխ լինի «Արի’ գործի» նոր ծրագրի իրականացմանը, որպեսզի կարողանա ապահովել 250 հազար աշխատատեղի պահանջարկ: Աբսո՞ւրդ է: Ոչ ավելի, քան Տիգրան Սարգսյանի վերը նշված մնացած ծրագրերը»:

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «ՀՀԿ-ի հետ Մարտի 1-ի հանձնաժողովի վերաբերյալ ՀԱԿ-ի պայմանավորվածությունն ու այդ երեւույթի հանդեպ ԲՀԿ-ի խանդը վկայեցին, որ նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունենում որոշակի բրոունյան շարժում, այսինքն` անկանոն մի խառը մրցավազք, երբ կողմերը փորձում են տարաբնույթ, խաչաձեւ երաշխիքներ ունենալ իրենց համար: Այս իրավիճակը, ըստ ամենայնի, պայմանավորված է նրանով, որ ներքաղաքական դաշտում գործող հիմնական սուբյեկտները այդպես էլ չեն ստացել կամ ստանում արտաքին հստակ ազդակներ, կամ էլ կորցրել են այդ ազդակների հույսը, դրանցում չեն տեսել իրենց համար որոշակի լուսավոր հեռանկար: Մասնավորապես, առաջին հերթին հատկանշական է, իհարկե, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի փոխադարձ խանդի դրսեւորումը: Ռուսական դաշտում խաղացող այս ուժերը հանկարծ բավական տարամետ դրսեւորումներ ունեցան` ԲՀԿ-ն ճամպրուկները հավաքեց դեպի Բրյուսել, ՀԱԿ-ն էլ գնաց դեպի ՀՀԿ, իսկ հընթացս էլ միմյանց մեղադրեցին ինչ-որ անհեռատեսության կամ Սերժ Սարգսյանի ստրուկը լինելու համար»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Երեկ Սփյուռքի նախարարությունում` այդ նույն նախարարության նախաձեռնությամբ, մեկ տասնյակ սիրիահայ գործարարների փորձել են համոզել` Հայաստանում զբաղվել դեղագործությամբ։ Համոզողները շատ են եղել: Այս իրադարձության մասին տարածված հաղորդագրության մեջ նշված են Զարգացման հայկական գործակալության, Միջին եւ փոքր ձեռնարկությունների զարգացման կենտրոնի, Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի անունները: Եվ ի՞նչ են ասել սիրիահայերին։ Ասել են, որ եթե Հայաստանում բարեխղճորեն հարկեր վճարեն, ենթարկվեն հայաստանյան օրենքներին, ապա կարող են արդյունավետ բիզնես ունենալ։ Նաեւ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հորդորել են «չհավատալ Հայաստանում բիզնեսի վերաբերյալ սփյուռքում տարածված մտացածին պատմություններին»»։

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մայիսյան ընտրություններին հաջորդած վեց ամիսների ընթացքում ՀԱԿ կենտրոնական գրասենյակը երանավետ հանգստի մեջ էր, իրեն լիովին ազատել էր միտինգների ժամանակացույց կազմելու պատասխանատու գործից: Սեպտեմբերին նախատեսված միտինգը տեղի չունեցավ, իսկ դրա հետաձգման պատճառաբանությունը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գրպանում էր: Երեկ վերջապես ՀԱԿ-ից «լավ խաբար» ստացանք: Զուրաբյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միտինգ են անցկացնելու Ազատության հրապարակում: Եթե ՀԱԿ առաջնորդը մասնակցի միտինգին, բնականաբար պետք է հրապարակի իր որոշումը առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափի, ավելի կոնկրետ՝ իր թեկնածության առաջադրելու կամ չառաջադրելու մասին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG