Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. երրորդ ժամկետ եւ նոր իմիջ


Վերլուծաբանների կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը նախագահի հանդեպ մարդկանց խարխլված վստահությունը վերականգնելն է։

Աշխատանքից հեռացվել են նոր գեներալներ

Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարարության չորս գեներալ-մայորի։ Հրամանագրերում բացատրություններ չեն նշվում, սակայն, ըստ փորձագետների, պաշտոնանկություններն այս կամ այն կերպ առնչվում են կոռուպցիայի դեմ Կրեմլի նախաձեռնությամբ ծավալված արշավի հետ։

«Քարնեգի» հաստատության Մոսկվայի կենտրոնի Pro et Contra վերլուծական հանդեսի մեկնաբան Մաշա Լիպմանի կարծիքով, հակակոռուպցիոն պայքարը Պուտինի համար առաջնահերթություն է դարձել։

Ենթադրվում է, որ նախագահն իր ամենամյա ուղերձով հանդես կգա դեկտեմբերի 12-ին` Ռուսաստանի սահմանադրության օրը, եւ ելույթի առանցքային թեզերից մեկը կլինի համատարած կոռուպցիան զսպելու թեման։


Կոռուպցիան` անջնջելի չարիք Ռուսաստանում

Ըստ Լեւադայի կենտրոնի` հոկտեմբերին անցկացրած հարցումների, բնակչության 21 տոկոսը համոզված է, որ Պուտինի համար դժվար է պայքարել կաշառակեր չինովնիկների դեմ, քանի որ իր դիրքերի հզորությունն այդ մարդկանցից է կախված։ Իսկ դեռ մարտին անցկացված հարցման համաձայն, քաղաքացիների 35 տոկոսը ենթադրում է, որ Պուտինը հաջողության չի հասնի, քանի որ կոռուպցիան անջնջելի չարիք է Ռուսաստանում։


Եռաշերտ ճգնաժամ

«Քարնեգի» կենտրոնը երեկ Մոսկվայում հրապարակել է զեկույց, ըստ որի Ռուսաստանում առկա է եռաշերտ քաղաքական ճգնաժամ` առաջինը Պուտինի անձնավորված իշխանության թերությունն է, երկրորդը տնտեսական մոդելն է, որը հիմնված է էներգակիրների վաճառքի ապահոված եկամուտների վրա, եւ երրորդը պետություն-հասարակություն հարաբերություններում հաստատված «պատերնալիստական» հայեցակարգն է, որը ենթադրում է, որ պետությունը ժողովրդին հովանավորում է եւ դրա դիմաց մարդկանցից անառարկելի հնազանդություն է ակնկալում։

«Քարնեգի»-ի փորձագետները հնարավոր են համարում եռաշերտ ճնգնաժամի հանգուցալուծման երկու իրարամերժ սցենար` կա'մ Ռուսաստանն աստիճանաբար կազմալուծվելու է, ինչն աղետալի հետեւանքներ կունենա ոչ միայն դաշնության, այլեւ ամբողջ աշխարհի համար, կա'մ էլ կբարեփոխվի, ինչի համար անհրաժեշտ է վճռական անցում դեպի օրենքի գերակայություն եւ մրցակցային քաղաքականություն։


Սցենարներից հոռետեսականն առավել հավանական է

Ընդ որում, փորձագետներն առավել հավանական են համարում առաջին` հոռետեսական սցենարը` նշելով, որ ո'չ իշխանությունները եւ ո'չ էլ ընդդիմությունն այսօր պատրաստ չեն շարժվել բարեփոխումների ճանապարհով։ «Իշխանության ուղղահայաց առանցքը, որը հիմնվում է գերշահույթ ապահովելու դիմաց Կրեմլին հավատարիմ լինելու գաղափարի վրա, քայքայվում է այն ժամանակ, երբ Կրեմլը համակարգը փրկելու նպատակով փորձում է կարգապահություն հաղորդել վերնախավին», - ասվում է «Քարնեգի» կենտրոնի զեկույցում։

Ռուսաստանի այսօրվա ավտորիտար առաջնորդները չեն կարող մշակել, առավել եւս` իրականացնել ազգային զարգացման իրատեսական ծրագիր, հետեւաբար, այսօրվա արդիականացումը դատապարտված է ձախողման։ Վերնախավը պարզապես չի հրաժարվի իշխանության մենաշնորհից եւ տնտեսության ոլորտում արտոնյալ դիրքերից։


«Երեք պետություն»

Քայքայման մեկ այլ գործոն էլ հասարակության վիճակն է։ Հասարակությունը, կարծես, բաղկացած է տարբեր պետությունների քաղաքացիներից. մեկում ապրում են «Եդինայա Ռոսիա»-ին սատարող պահպանողականները, մյուսում` միջին խավը, որը փորձում է իշխանության վրա ազդել, երրորդում` Հյուսիսային Կովկասի բնակիչներն ու մահմեդական համայնքը։ Այդ բաժանումն է'լ ավելի է խթանում կազմաքանդման միտումը։


«Զեկույցը ժամանակավրեպ է»

Ռուսաստանցի փորձագետներից Ալեքսեյ Մուխինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է, որ «Քարնեգի» կենտրոնի զեկույցը ժամանակավրեպ է։

«Անցյալ տարվա դեկտեմբերից մինչեւ այս տարվա մարտը շատ բան է փոխվել։ Քաղաքների զայրացած խավերն այն ժամանակ կարող էին բեկում մտցնել, սակայն բաց են թողել դրա հնարավորությունը։ Լուրջ իրավիճակը կարող էր վերածվել հեղափոխականի, թեպետ, քաղաքականից զատ, հեղափոխության համար անհրաժեշտ են նաեւ սոցիալական-տնտեսական պատճառներ, իսկ հիմա քաղաքականն էլ չկա, ուստի, այդ զեկույցում արվող հետեւությունները հիմնավորված չեն», - ասել է Մուխինը։


Պայքարը վարկանիշը բարձրացնելու համար է

Լեւադայի կենտրոնի սոցիոմշակութային հետազոտությունների բաժնի ղեկավար Ակեքսեյ Լեւինսոնը «Ֆորբս» հանդեսի իր սյունակում գրել է, որ կոռուպցիայի դեմ այդ ցուցադրական պայքարի միակ նպատակը Պուտինի նկատմամբ քաղաքացիների խարխլված վստահությունը վերականգնելն է։

Ժողովրդականություն չվայելող պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին աշխատանքից ազատելուց հետո Պուտինի վարկանիշն աճել է, բայց մեկ շաբաթ անց նորից նկատվել է վերնախավի հանդեպ բնակչության անվստահության աճ, քանի որ մարդիկ այդ պաշտոնանկություններում իշխանության քայքայում են տեսնում։


Ոչ թե «մաչո», այլ «պատրիա՞րք»

«Նեզավիսիմայա գազետա»-ի պնդմամբ, Կրեմլի քաղաքական տեխնոլոգները հիմա փորձում են ստեղծել Պուտինի նոր իմիջ. նա այլեւս չպետք է հանդես գա իբրեւ ուժեղ տղամարդ, սպորտի սիրահար եւ «մաչո»։

Այդ կերպարն այլեւս իր ժամանակն ապրել է եւ դրա փոխարեն տեխնոլոգները մշակում են «ռուսաց քաղաքականության հմուտ եւ փորձառու պատրիարքի» իմիջ` ելնելով այն թեզից, որ եթե Պուտինը որոշի հաջորդ անգամ առաջադրվել, ապա միայն այդ իմիջը կերաշխավորի նրա վերընտրությունը։

Միաժամանակ Կրեմլն ակտիվորեն չեզոքացնում է Պուտինի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը եւ փորձում է այնպես անել, որ ոչ ոք չհամարձակվի զուգահեռներ անցկացնել Բորիս Ելցինի պաշտոնավարման երկրորդ ժամկետի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG