Մատչելիության հղումներ

Պուտին. «Ռուսաստանը Ասադի փաստաբանը չէ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները Ստամբուլում, 3-ը դեկտեմբերի, 2012թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները Ստամբուլում, 3-ը դեկտեմբերի, 2012թ.
«Ռուսաստանը եւ Թուրքիան առայժմ չեն կարողանում ընդհանուր մոտեցում գտնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի առաջնորդը հատուկ ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվան սիրիական իշխող ռեժիմի շահերը չի ներկայացնում, ինչպես Պուտինն է ձեւակերպել` Ռուսաստանը Բաշար Ասադի «փաստաբանը չէ»։

«Մենք չենք ցանկանում, որ կրկնվեն ոչ վաղ անցյալում թույլ տրված սխալները։ Հիշենք՝ ինչ ակտիվ էր միջազգային հանրությունը պաշտպանում լիբիացի ապստամբներին։ Ով կարող էր այն ժամանակ պատկերացնել, որ այդ նույն մարդիկ, ովքեր վայելում էին Արեւմուտքի աջակցությունը, իրավիճակը կհասցնեն ողբերգականի՝ սպանելով Միացյալ Նահանգների դեսպանին», - ասել է նա։

Պաշտոնական Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները լարված են հենց Դամասկոսի նկատմամբ ունեցած խիստ տարբեր վերաբերմունքի պատճառով. Ռուսաստանը համարվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առանցքային դաշնակիցներից, մինչդեռ Թուրքիան Սիրիայում արյունահեղությունների ողջ մեղքը բարդում է իշխող ռեժիմի վրա՝ աջակցություն հայտնելով ընդդիմադիր ապստամբներին։

Երեկ Ստամբուլում անդրադառնալով լարվածությանը թուրք - սիրիական սահմանին` Պուտինը համոզմունք է հայտնել, որ թուրքական տարածքների գնդակոծությունները պատահականության հետեւանք են։ «Մասնագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ Սիրիան հիմա հարեւանների վրա հարձակվելու ռեսուրս չունի», - ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ ընդգծելով, որ Patriot տեսակի հրթիռային համակարգերի տեղակայումը սահմանին չի կարող լուծել խնդիրը. - «Մենք կիսում ենք Թուրքիայի մտահոգությունը սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետ կապված, մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ղեկավարության եւ ժողովրդի զգացմունքները, բայց զսպվածության կոչ ենք անում, քանի որ լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը սահմանին իրավիճակը չի մեղմում, ընդհակառակը` վատթարացնում է»։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե շարունակելու են խորհրդակցությունները բարեկամ թուրքերի հետ։

Թուրքիայի վարչապետն էլ այս թեմայի կապակցությամբ միայն ընդգծել է, թե երկու երկրների ցանկությունն է, որպեսզի արյունահեղությունը Սիրիայում հնարավորինս շուտ ավարտվի։

Էրդողանը համատեղ ասուլիսի ժամանակ ավելի շատ խոսել է ռուս - թուրքական տնտեսական կապերն ամրապնդելու մասին՝ տեղեկեցնելով, որ երկու երկրների միջեւ տարեկան առեւտրաշրջանառությունը շեշտակի ավելացել է՝ հասնելով 35 միլիարդ դոլարի, սակայն առաջիկա տարիներին ծրագրվում է այն հասցնել մինչեւ 100 միլիարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG