Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցով «կլոր սեղան» Ֆրանսիայի Սենատում


Երեկ Ֆրանսիայի Սենատում կազմակերպվել է «կլոր սեղան»` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» խորագրով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի Սենատի բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի հայ - ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները, ֆրանսիացի սենատորներ, Սենատի պաշտոնյաներ, փորձագետներ եւ լրագրողներ:

Միջոցառումը բացել է բուլղարացի լրագրողուհի Ցվետանա Պասկալեւան, որը, իբրեւ ականատես, հանդես է եկել պատերազմական իրադարձությունների մասին պատմող խոսքով, որից հետո ցուցադրվել է նրա «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» ֆիլմը:

Այնուհետեւ ծավալվել են քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմական եւ աշխարհաքաղաքական ասպեկտները, առանձին խոսքերով են հանդես եկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն, ֆրանսիացի սենատորներ եւ հայ պատգամավորներ, ինչպես նաեւ պատմաբաններ ու փորձագետներ։

«Կլոր սեղանի» մասնակիցները կարեւորել են Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, խստորեն դատապարտել ռազմատենչ հայտարարությունները, ընգծել Սաֆարովի զարհուրելի դեպքի անընդունելիությունը` ինչպես զուտ մարդկային արժեքների, այնպես էլ տարածաշրջանում փոխադարձ վստահության հաստատման տեսանկյունից։

Բանախոսներն առանձնակի շեշտել են, որ այլընտրանք չի կարող լինել խաղաղությանը, եւ որ ներկայիս հրամայականն է նախապատրաստել հասարակություններին ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG