Մատչելիության հղումներ

Փակուղային իրավիճակը «Մարտի 1-ի հանձնաժողովներով չի կարող փրկվել»


Հրդեհված մեքենա Երեւանի կենրոնում, 1-ը մարտի, 2008
Հրդեհված մեքենա Երեւանի կենրոնում, 1-ը մարտի, 2008
Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Սեդա Սաֆարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի հարցով խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը, համոզմունք հայտնեց, որ «Մարտի 1-ի բացահայտման շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը հանձնաժողովներով չի կարող փրկվել»:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կոնգրեսի նախագծի վերաբերյալ առաջիկա երկուշաբթի պետք է որոշում կայացնի: Սեդա Սաֆարյանը, ողջունելով այդ իրադարձությունների բացահայտման խնդիրը օրակարգում պահելու քաղաքական ուժերի ձգտումը, միաժամանակ կասկածում էր, որ նոր հանձնաժողովը կարող է «հասարակությանն ավելին ասել», քան նախկինում իրենք ասել են, որովհետեւ այդ կառույցը զուրկ է լինելու քննչական ու դատական գործառույթներից, իսկ համապատասխան լիազոր մարմինները որեւէ բան բացահայտելու ցանկություն չունեն:

«Սա այնքան էլ հեշտ չէ, որ որոշում են կայացնում ու քաշվում մի կողմ, որ նորից հանձնաժողովի վրա ստեղծվեց մի նոր հանձնաժողով: Չի կարող հանձնաժողովներով փրկվել այն իրավիճակը, որն ուզում ենք փրկել, որովհետեւ համակարգերը պիտի աշխատեն, այն գործառույթն իրականացնող համակարգերը, որոնք պարտավոր են նախաքննություն իրականացնել, եւ շատ օբյեկտիվ պիտի տրամադրված լինեն այդ մարմինները: Եթե մարդը չի ցանկանում գործ քննել, եթե չի ցանկանում, որ ճշմարտություն բացահայտվի, միեւնույնն է, դու նրան ինչ փաստ էլ տաս, նա այդ փաստը կամ չի օգտագործելու, կամ այլաձեւելու է, կամ մի կողմ է դնելու», - ասաց Սաֆարյանը:

ԱԺ-ի համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկան դարձնել ինչպես Մարտի 1-ի տասըը սպանությունների, հարյուրավոր անձանց հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, այնպես էլ այդ դեպքերին պաշտոնատար անձանց ու պետական կառույցների ունեցած առնչությունը: Դրա համար առաջարկվում է հանձնաժողովին վերապահել պետական, քննչական մարմիններին ու գլխավոր դատախազությանը հարցումներով դիմելու, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին հարցաքննելու լիազորություններ:

Սեդա Սաֆարյանը չի կարծում, որ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը` ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան»-ը իր միանշանակ դրական դիրքորոշումը կցուցաբերի Մարտի 1-ի բացահայտման նախաձեռնության վերաբերյալ, որովհետեւ բացի այն, որ ընդդիմադիր Կոնգրեսը մարտիմեկյան իրադարձություններին նաեւ ԲՀԿ-ի առաջնորդի թիկնազորի մասնակցության հարցն է առաջ քաշել նախկինում, իշխանությունները եւս կարող են պատժել իրենց նախկին գործընկերոջը:

«Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ին իր անցյալը կխանգարի, անցյալում հնչեցված փաստերը, անցյալում հնչեցված մեղադրանքները, անցյալում նրանց դերը կխանգարեն: Հենց ԲՀԿ-ն ուզենա մի լավ կարծիք արտահայտել, հաստատ մի քրեական գործ կծվի: Որովհետեւ անցյալում ունեն քրեական գործ հարուցելու հիմքեր, որոնք մեր իրավապահները կարող են նոր նկատել, որովհետեւ նոր է պետք», - ասում է Սաֆարյանը:

Մարտի 1-ի նախկին հանձնաժողովում արտախորհրդարանական «Նոր Ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Արամ Կարապետյանը եւս այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզված էր, որ ԲՀԿ-ն չի կարող շահագրգռված լինել խորհրդարանական նոր հանձնաժողովի ստեղծման հարցում, որքան էլ խոսվում է ԱԺ-ում մթնոլորտի փոփոխության մասին, քանի որ «այդ ամենը գնալու է վերջիվերջո հանգելու է Ռոբերտ Քոչարյան, ով տվել է հրամաններ»:

Ոչ իշխանական ուժերի այս եւ մի շարք այլ նախաձեռնությունները Արամ Կարապետյանը որակեց ուղղակի «ճամբարների ցուցադրում»:

«Ճամբարների ցուցադրում է. հասարակությանը ցույց է տրվում, որ ձեւավորվել է ինչ-որ խորհրդարանական դաշինք, որը ներառում է հետեւյալ ուժերին, որոնք տարբեր նախաձեռնություններով հանդես են գալիս: Իրենք շատ լավ էլ համոզված են, որ որեւէ բան չի էլ հաջողվելու: Իմ պատկերացմամբ այս ամենը դեռ այս պարագայում ավելի շատ քաղտեխնոլոգիա է, քան քաղաքականություն», - ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է հանձնաժողովին, Կարապետյանի համոզմամբ, Մարտի 1-ի որեւէ հանձնաժողով կարող է արդյունավետ գործել, եթե այն իրենից ներկայացնի Մարտի 1-ի գործերը հետաքննող ընդհանրական մարմին:

«Դա ամբողջական պիտի լինի, որովհետեւ հանձնաժողովը ինքնին չի կարող դատախազության կամ Հատուկ քննչական ծառայության կամ հատուկ ծառայությունների ֆունկցիա իրագործել: Նա կարող է վերահսկողը լինել, իմի բերողը լինել, նա կարող է անալիզի ենթարկել այդ ամենը: Ուրեմն դրա տակ պիտի ստեղծվի էքսպերտների խումբ, պիտի ստեղծվի դատախազության համապատասխան խումբ, որը հենց ուղղակիորեն լինի այդ հանձնաժողովի տնօրինության տակ եւ այլն: Որովհետեւ այն ամենն ինչ ես տեսա հանձնաժողովում աշխատանքի ընթացքում, իր մեջ ներառում է նաեւ շատ լուրջ մասնագիտական մոտեցում: Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակում դա ուղղակի անհնար է, որովհետեւ իշխանությունը ամեն ինչ արել է Մարտի 1-ը կոծկելու համար, հիմա պիտի ինքն իր դեմ բացահայտումներ անի՞», - ասաց Կարապետյանը:

Մարտի 1-ի զոհերի հարազատները մինչդեռ խիստ անհրաժեշտ են համարում նման հանձնաժողովի ստեղծումը, թեկուզ միայն Մարտի 1-ի հարցը անընդհատ օրակարգում պահելու համար: Զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, այս առիթով հիշեցրեց, որ մի քանի ամիս լռեցին, եւ ահա ի հայտ եկավ Մարտի 1-ի փաստերը խեղաթյուրող պատմության դասագիրքը:

«Գոնե չթողեն մոռացության տալ, բացի դրանից, ամեն մի փոքրիկ նշույլը, որ կարող է սպանությունների բացահայտման հարցում ինչ-որ առաջընթաց լինի, մեզ հույս է ներշնչում», - ասաց որդեկորույս մայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG