Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ը նախաձեռնողները պատմությունը եւս փորձում են հարմարեցնել»


Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատահական չհամարեց «Հայոց պատմություն» բուհական դասագրքում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների խեղաթյուրումը, համոզմունք հայտնելով, որ փաստերի խեղաթյուրման թիկունքում «Մարտի 1»-ը նախաձեռնողներն են։

«Պատմական փաստերը խեղաթյուրում են սերունդների եւ պատմության առաջ պատասխանատվությունից խուսափելու համար», - ասաց նա։

«Ովքեր նախաձեռնել են «Մարտի 1»` նրանց էլ փնտրեք պատմության գիրքն աղավաղողների շարքում: Այն պաշտոնյաները, ովքեր կարեւոր դեր են ունեցել, ովքեր միջոցառումների պլան են մշակել, ովքեր ցուցում են տվել այդ անձանց այս գործողությունները ձեռնարկել` այդ նույն մարդիկ պատմությունը եւս փորձում են հարմարեցնել», - համոզմունք հայտնեց Սեդա Սաֆարյանը` շարունակելով. - «Ոնց որ քրեական գործը հարմարեցրեցին որոշ մարդկանց շահերին, ոնց որ քրեական գործով որոշեցին, որ միայն ընդդիմադիր կեցվածքով մարդկանց մեղադրանքներ առաջադրելով պետք է մարդկանց համոզել, որ իրենք ինչ-որ գործ են արել... Չէ, գործ չի արվել»:

Նախկին Փաստահավաք խմբի անդամը զարմացած է դասագրքում տեղ գտած այն ձեւակերպումներից, թե «բախումների ընթացքում երկուստեք օգտագործվել է հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 մարդ»: «Նույնիսկ քրեական գործում նման պնդում չկա: Որեւէ քաղաքացիական անձ քրեական հետապնդման չի ենթարկվել հրազենային վնասվածք հասցնելու մեղադրանքով», - շեշտեց նա։

«Ես շատ ցավում եմ, որ «Մարտի 1»-ը կարող է իմ կենդանության օրոք, մեր կենդանության օրոք էսպես «նկարվել»: Պատմությունը չի կարելի այս աստիճանի կեղծել, թե իբր ժողվուրդը զենք է օգտագործել: Շատ ցավալի է։ Չի կարելի մի ամբողջ ժողովրդի կրկին վիրավորել, փորձել ապացուցել, թե մեր ժողովուրդը հանցածին ժողովուրդ է», - հայտարարեց Սաֆարյանը։

«Մարտի 1»-ի քննությունն ու դասագրքի աղավաղումները բոլորը նույն անձի կողմից են կատարվում, ով «Մարտի 1» է նախաձեռնել եւ հասկացել է, որ սերունդների առաջ ինքը պիտի պատասխանատվություն կրի: Աղավաղում է փաստերը, որպեսզի «Մարտի 1»-ը այլ կերպ ներկայանալի լինի հասարակությանը», - ասաց նախկին Փաստահավաք խմբի անդամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG