Մատչելիության հղումներ

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայամետ կոնգրեսական է


Կոնգրեսական Էդ Ռոյս
Կոնգրեսական Էդ Ռոյս
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Էդ Ռոյսը նախօրեին պաշտոնապես հաստատվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է պալատի հանրապետական մեծամասնության որոշումը՝ հայամետ Ռոյսին վստահել այս պաշտոնը։

«Որպես այս հանձնաժողովի անդամ` Ռոյսը հետեւողականորեն բարձրացրել է ամերիկահայությանը հուզող, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող կարեւորագույն խնդիրներ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների եւ քրիստոնյա համայնքների ունեցվածքի վերադարձի հարցերը», - հայտարարել է հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը՝ ընդգծելով, թե Հայ դատի գրասենյակը ակնկալում է աշխատել նրա հետ հաջորդ Կոնգրեսում ամերիկահայությանը հուզող մեծ թվով հարցերի շուրջ։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծում էր, որ Էդ Ռոյսի առանձնակի հայասիրությունը խորը արմատներ ունի:

«Իր առաջին կապերը ամերիկահայ գաղութի հետ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման գծով` մոտ 20 տարի առաջ Կալիֆոռնիայի նահանգի կառավարության կազմում: Այնտեղ նա կարեւոր դեր է խաղացել Հայոց ցեղասպանության` Կալիֆոռնիայի կողմից ճանաչելու գործում: Իր հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում հրեական ցեղասպանության ազատատարներից է եղել, եւ ինքը միշտ գիտակից է եղել, որ ցեղասպանության դեմ պայքարելը շատ կարեւոր է», - ասաց Չուլջյանը:

Կալիֆոռնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսականը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունման համար պայքարի առաջամարտիկներից է, համահեղինակն է հանրահայտ 306 բանաձեւի, որը Թուրքիային հորդորում է վերադարձնել քրիստոնեական եկեղեցիների գույքը։ Էդ Ռոյսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում մեծածավալ աշխատանք է կատարել. նա միացավ հայտարարությանը, որով շուրջ մեկ տասնյակ կոնգրեսականներ ողջունում էին այս տարի Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները՝ շնորհավորելով Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։

«Հաջողություն եմ մաղթում Լեռնային Ղարաբաղին՝ դեպի անկախություն ճանապարհին», - ասել էր կոնգրեսականը՝ իր աջակցությունն առաջարկելով այդ հարցում։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի պաշտոնը Ռոյսը ստանձնեց նախորդ տարվա փետրվարին։ Ամերիկայի հայ համայնքին հուզող հարցերը հետեւողականորեն բարձրացնելու համար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան կառույցը Էդ Ռոյսին 2011 թվականին ճանաչեց տարվա մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG