Մատչելիության հղումներ

Գալա համերգով կնշվի Պետական կամերային նվագախումբի հոբելյանը


Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնադրվել է 1962 թվականին: Առաջին գեղարվեստական ղեկավարը Զարե Սահակյանն էր:

Նվագախումբն իր հոբելյանը տոնում է բազմաթիվ համերգներով, որոնք կեզրափակվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 1-ին կայանալիք գալա-համերգով` աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ:

Ֆրանսիացի երաժիշտն ու նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ Փարիզում բազմիցս հանդես են եկել միասին, բայց առաջիկա համերգն իրենց առաջին համատեղ ելույթն է Հայաստանում:

Վահան Մարտիրոսյանն չցանկացավ հրապարակել համերգի ծրագիրը. - «Հաճելի ծրագիր է լինելու, շատ բազմազան` բարոկկո երաժշտությունից մինչեւ այսօրվա ե’ւ ջազ, ե’ւ ռոմանտիկ, ե’ւ դասական: Մոռացեք դասական համերգի պատկերը. այս համերգը լինելու է մի շոու, որին մասնակցելու է Հայաստանի պետական կամերային նվագախումբը»:

Դաշնակահար, դիրիժոր Վահան Հովհաննիսյանը, հիշեցնենք, ծնվել է Երեւանում, այժմ բնակվում է Փարիզում, Կաննի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարությունը ստանձնել է երկու տարի առաջ` նվագախմբի համար ծանր պահի, երբ երաժիշտների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացել էր 13 տարի նվագախումբը ղեկավարած Արամ Ղարաբեկյանը:

Վահան Մարտիրոսյանն այսօր նշեց, որ նվագախմբի անդամների հետ հրաշալի փոխհարաբերություններ ունի. - «Ամենակարեւորը մարդկայնությունն է: Այն տարիները, երբ դիրիժորը բռնակալ էր, ամբողջ աշխարհում վաղուց անցած են: Որովհետեւ դիրիժորը երաժիշտ է, դիմացի նստածները նույնպես երաժիշտ են: Երաժիշտը երաժշտի հետ միշտ լեզու կգտնի»:

«Ես մարդ եմ, հասարակ մարդ եմ: Ես ամեն ինչ չգիտեմ, ես ճշմարտության դրոշակը չեմ տանում: Կարող է իմ երաժիտներից մեկը ավելի պայծառ միտք ունենա, քան ես երբեւիցե ունեցել եմ», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG