Մատչելիության հղումներ

ՀՖՖ-ն կողմ է ԱՊՀ միասնական առաջնության գաղափարին


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որով հաստատում է իր օժանդակությունը ԱՊՀ ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին:

«Ներկա պահին ԱՊՀ բոլոր երկրների ազգային առաջնություններում ձեւավորվել են ուժեղ թիմեր, որոնք ճանաչում են ստացել ոչ միայն տվյալ երկրներում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ հետխորհրդային տարածքի լավագույն ակումբների մրցակցությունը ԱՊՀ միացյալ առաջնության շրջանակներում կնպաստի ֆուտբոլի զարգացմանը ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների մակարդակով, եւ որ այսպիսի տարբերակով առաջնության անցկացումը հնարավորություն կտա բոլորիս առավել արդյունավետությամբ պայքարելու միջազգային ամենաբարձր տիտղոսների համար», - ասված է ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։

«Նախկինում մենք եւս հանդես ենք եկել նման նախաձեռնությամբ, սակայն այժմ, երբ ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ այս գաղափարի իրականացման համար՝ առավել քան վստահ ենք, որ այս մտահղացումն իր աջակցությունը կստանա նաեւ ԱՊՀ մյուս երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից», - հայտարարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ֆուտբոլի ԱՊՀ միացյալ առաջնություն կազմակերպելու ցանկություն ունի ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Միլերը օրերս է հայտարարել այդ մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG