Մատչելիության հղումներ

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները


Քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները

Տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող խնդիրներն այսօր քննարվեցին ինչպես Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի կազմակերպած լսումներում «Տեղական ինքնակառավարման հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» վերնագրված փաստաթղթի շուրջ, այնպես էլ Կովկասի ու Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտները համատեղ կազմակերպած համատեղ քննարկման ընթացքում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը չի կարծում, որ անգամ ոլորտում բարեփոխումներ իրականացնելուց հետո պետությունը կունենա հնարավորություն` գնալու ավագանու ինստիտուտը պրոֆեսիոնալացնելու ճանապարհով:

«Ես, իհարկե, դա շատ կուզենայի, որ ինքը համայնքներում ձեւավորվեր որպես պրոֆեսիոնալ մարմին, բայց այս պահին չեմ տեսնում դրա իրական հնարավորությունը: Ուզում եմ շեշտը դնել, որ, բարեփոխումների, համայնքների հնարավոր խոշորացման, տարբեր գործընթացների արդյունքում, միեւնուն է, համայնքի ավագանին մնալու է մի ինստիտուտ, որը մեծապես պիտի զբաղվի ինքնակազմակերպման, իր վրա նախաձեռնությունը վերցնելով փորձի դառնալ համայնքի ղեկավարի հետ հավասար եւ համայնքում զուգահեռ գործող ինստիտուտ», - ասաց Գալստյանը:

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը գտնում է, որ Հայաստանում արդեն 16 տարվա պատմություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը կայացած է: Ըստ մարզպետի, սակայն, բնակչության մասնակցությունը տեղական կառավարմանը այսօր ցածր մակարդակի վրա է. - «Ցավոք սրտի, նաեւ պատմական որոշակի ավանդույթներից ելնելով` քաղաքացիների մասնակցության ակտիվ դրսեւորումներ այսօր մենք մեր հանրային կյանքում չենք տեսնում: Ոչ թե իշխանություններն են խոչընդոտ հանդիսանում, այլ քաղաքացիների կողմից շատ թույլ են մասնակցության տարբեր դրսեւորումները»:

Անդրադառնալով այս պասսիվության պատճառներին` Ղազարյանն ասաց. - «Կարող է դա պայմանավորված լինել նրանով, որ քաղաքացիների մոտ կա տպավորություն, որ ՏԻՄ-երը մեծ լիազորություններով օժտված չեն, առանցնապես կարեւոր հարցեր չեն լուծում: Միգուցե նրանք ունեն անհանգստություն, որ կարող է իրենց հնարավորություն չտրվի, որպեսզի իրենք լիարժեք կերպով մասնակցեն»:

Արարատի մարզի Դարակերտ գյուղում բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ չեն ճանաչում իրենց համայնքի ավագանու անդամներին, տեղյակ չեն ավագանու ընդունած որոշումներից:
Դարակերտի գյուղապետի տեղակալ Վարուժան Խոդեդանյանն ասաց, որ համայնքի ավագանին ընտրվել է սեպտեմբերին եւ իր բոլոր որոշումները համաձայնեցնում է համայնքի ղեկավարի հետ: Նրա խոսքով, նաեւ սոցիալական վիճակն է պատճառը, որ համայնքի բնակիչները հետաքրքրված չեն տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG