Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական սահմանին «հանգիստ եւ կայուն իրավիճակ է»


«Ռուսաստանի սահմանապահ զորքերը Հայաստան - Թուրքիա եւ Հայաստան - Իրան սահմանի երկայնքով այսօր բարձր մակարդակով են իրականացնում պետական սահմանի պահպանությունը», - հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Այսօր Ռուսաստանի պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի եւ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովի հետ այցելելով Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի տարածաշրջանի հայ - թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ «Ռանչպար» ուղեկալ` Բաղդասարյանը սահմանապահներին է ներկայացրել սահմանապահ զորքերի զինծառայության մակարդակի զարգացմանն ուղղված ծրագրերը: «Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել սահմանային անվտանգության ռազմավարությամբ նախատեսվող Հայաստանի սահմանային անցակետերի եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի իրականացմանը», - մասնավորապես, ասել է նա։

Պատասխանելով Հայաստանում Ռուսաստանի «Ռոսգրանիցա» պետական գործակալության ներկայացուցչության նախատեսվող բացման հետ կապված հարցերին` Արթուր Բաղդասարյանը հայտարարել է. - «Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների եւ անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան - Իրան, Հայաստան - Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները: Դա Հայաստանի համար ունի քաղաքական, ինչպես նաեւ անվտանգության մակարդակի ամրապնդման եւ բարձրացման կարեւոր նշանակություն»:

Ըստ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի, այսօրվա դրությամբ` Հայաստանի պետական սահմաններում, որտեղ իրենք իրականացնում են սահմանապահ հերթապահություն, հանգիստ եւ կայուն իրավիճակ է:

«Որեւէ անհանգստություն գոյություն չունի: Մենք մեր առջեւ դրված խնդիրները բարձր մակարդակով իրականացնում ենք», - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` ասել է Վլասովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG