Մատչելիության հղումներ

Պաղեստինի ինքնավարության կարգավիճակը կարող է բարձրացվել


Քվեարկություն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, արխիվ
Քվեարկություն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, արխիվ
Մինչեւ այս շաբաթվա վերջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քվեարկության է դրվելու Պաղեստինի ինքնավարությանը է՛լ ավելի բարձր կարգավիճակ շնորհելու հարցը։

Բանաձեւի նախագիծը առաջարկում է, որ Պաղեստինը, որը հիմա ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի, ստանա ՄԱԿ-ի ոչ անդամ երկրի կարգավիճակ։

ՄԱԿ-ում նման կարգավիճակ ունի, օրինակ, Վատիկանի Սուրբ Աթոռը։

Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է դիմելու Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Այս մասին ասել է Պաղեստինի մշտական դիտարկման առաքելության մամուլի խոսնակը։

Գլխավոր ասամբլեայում վետո չի դրվում, բանաձեւի ընդունվելու համար անհրաժեշտ է քվեարկողների պարզ մեծամասնություն, եւ, փորձագետների գնահատմամբ, այս բանաձեւը, ամենայն հավանականությամբ, կընդունվի։

Առաքելության մամուլի խոսնակը Associated Press լրատվական գործակալությանը ասել է, որ Պաղեստինը բոլոր երկրներին հորդորել է պաշտպանել բանաձեւը եւ լինել «պատմության ճիշտ կողմում»։

Երեքշաբթի օրը Ֆրանսիան արդեն հայտարարել է, որ քվեարկելու է բանաձեւի օգտին։ «Այս հինգշաբթի կամ ուրբաթ, երբ հարցը դրվի, Ֆրանսիան քվեարկելու է «այո», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը խորհրդարանի ստորին պալատում։

Լիարժեք անկախ պետականության ձգտող Պաղեստինը անցյալ տարի հայտարարել էր, որ մտադիր է ՄԱԿ-ում առաջ քաշել Պաղեստին պետության ճանաչման հարցը, սակայն այս դեպքում այն նախ պետք է հաստատվեր Անվտանգության խորհրդում։ Միացյալ Նահանգները այն ժամանակ միանշանակ հայտարարեց, որ վետո կդնի. ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը պնդում են, որ Պաղեստինը նախ պետք է բանակցությունները շարունակի եւ համաձայնության գա Իսրայելի հետ։

Ամեն դեպքում, ՄԱԿ-ի ոչ անդամ երկրի կարգավիճակը եւս Պաղեստինին որոշ նոր հնարավորություններ է տալիս։ Քվեարկության դրական արդյունքի դեպքում, երբ Պաղեստինը ստանա այդ կարգավիճակը, նա արդեն հնարավորություն կունենա դիմումներ ներկայացնել միջազգային մի շարք կազմակերպությունների` ներառյալ Հաագայի միջազգային քրեական դատարանը, որտեղ Պաղեստինը կարող է հայցեր ներկայացնել Իսրայելի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG