Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանականների, հայ համայնքի հետ


Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ, որից հետո կայացել է այդ երկրի խորհրդարանականների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Նաբիհ Բերրին ընդգծել են Հայաստանի եւ Լիբանանի կառավարական բոլոր օղակների, խորհրդարանների համակարգված, ծրագրված աշխատանքի անհրաժեշտությունը՝ երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են մերձավորարեւելյան տարածաշրջանի մի շարք երկրներում առկա լարված իրավիճակին եւ այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին:

Հայաստանի նախագահը Լիբանանի խորհրդարանի նախագահին ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներն ու մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:

Լիբանանի Ազգային ժողովի նախագահի եւ խորհրդարանականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Երեկոյան Հայաստանի նախագահը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ասել է, մասնավորապես, որ հայ - լիբանանյան բարեկամությունը հիմնված է մի կարեւոր սկզբունք-գաղափարի վրա` դա լիբանանահայերի հարգանքն է Լիբանան պետության եւ Լիբանանի պետության հարգանքը` հայի հանդեպ:

Նախագահը նշել է, որ հպարտ է նաեւ Լիբանանի կառավարությունում եւ խորհրդարանում հայազգի նախարարների եւ պատգամավորների ներկայացվածության համար եւ կոչ է արել լինել համախմբված ու գործել համակարգված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG