Մատչելիության հղումներ

Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնանկությունը «աժիոտաժի առիթ չէ»


Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյան
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյան
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնելով այն պնդումներին, որ Կենտրոնի ոստիկանությունում երեկվանից «կադրային ջարդ» է սկսվել, անտեղի համարեց կադրային փոփոխությունների շուրջ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում սկսված «աժիոտաժը»:

Ըստ ոստիկանության տեղեկատվության` Կենտրոնի ոստիկանության չորս պաշտոնյաներ են երկուշաբթի օրը աշխատանքից ազատվել. ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, նույն բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանն ու Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանը, պաշտոններից ազատվելով, ուղարկվել են կադրերի ռեզերվ, դեռ նոր աշխատանքի չեն նշանակվել, իսկ Կենտրոնականի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գեւորգյանը, աշխատանքից ազատվելով, տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժանմունք:

Ներսես Նազարյանը հայտարարեց, որ կադրային փոփոխություններում «որեւէ վատ միտում» չկա, դրանք սովորական «կադրային շարժեր» են:

«Նախարարի եւ իմ իրավասության մեջ գտնվող կադրային շարժեր են դրանք, որոնք տակտիկական նպատակներ ունեն աշխատանքները փոփոխելու, ուժեղացնելու համար: Մարդիկ պիտի նույն տեղում երկար չմնան: Օրինակ, անձնակազմի գծով տեղակալը տասը տարի այդտեղ աշխատում է, տեղափոխվելու է այլ տեղ: Ոստիկանապետը չի հեռացվել, կադրերի ռեզերվում է, նա մեր լավագույն աշխատակիցներից է, նպատակահարմար է գտնվել, որպեսզի տեղափոխվի այլ տեղ: Սովորական աշխատանքային փոփոխություններ են: Ոչ մի վատ միտում չկա, որեւէ պրոբլեմ չկա», - ասաց Նազարյանը:

Կենտրոնի ոստիկանապետն ու ոստիկանության մի քանի աշխատակիցներն աշխատանքից ազատվեցին նախորդ գիշեր մայրաքաղաքի կենտրոնում դեռեւս անհայտ անձանց բողոքի յուրահատուկ ակցիայից հետո: Ինչ-որ անձինք գիշերվա ընթացքում ողջ կենտրոնի տարածքում, մայթերին, պատերին, անցումներում երկրի բարձրագույն ղեկավարությանն անհնազանդություն հայտնելու կոչեր պարունակող հարյուրավոր նկարներ ու գրություններ էին փակցրել` մեկը մյուսի ետեւից: «Մի´ ենթարկվիր…» վերնագրված այս նկարներն ու գրությունները փակցնելու գործընթացը նրանք նկարահանել եւ տարածել են համացանցում: Տեսանյութում հստակ երեւում է, որ մի քանի ոստիկաններ փորձում են բանավոր խոչընդոտել ակցիային, այնուհետեւ ավելի ուշ քաղաքացիական հագուստներով ինչ-որ անձինք սեւ ներկով ջնջում են դրանք:

Երեկ առավոտից արդեն համացանցում շրջանառվում էին ոստիկանության շրջանակներում «մոտալուտ պաշտոնանկությունների» մասին կանխատեսումներ, այնուհետեւ հայտնի դարձավ Կենտրոնի ոստիկանությունում կադրային այս փոփոխությունների մասին:

Ոստիկանությունը սակայն «անլուրջ» է որակում այս իրադարձությունները միմյանց կապելու փորձերը` վկայակոչելով, որ երեկ փոփոխություններ եղել են ոչ միայն Կենտրոնականի, այլ նաեւ ոստիկանության Անիի բաժնում` Անիի բաժնի պետն էլ է փոխվել:

«Դրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ: Չի կարող նման կապ լինել: Այդ նկարները, այդ անշնորհքությունները պատերի վրա արդեն 2-3 տարի անընդհատ էլ անում են: Դա ի՞նչ կապ ունի ոստիկանապետ փոխելու կամ մյուսների հետ: Բացարձակ, նման բան չկա», - ասաց Ներսես Նազարյանը` ընդգծելով , որ Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի աշխատանքից որեւէ դժգոհություն չունեն. - «Ուղղակի երեւակայություններ են անում որոշ մարդիկ, փորձում են աժիոտաժ ստեղծել, չկա նման բան»:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը միաժամանակ ընդգծեց, որ Կենտրոնի արդեն նախկին ոստիկանապետը «նոր, ոչ ցածր» պաշտոն կստանա շուտով: Սարգիս Մարտիրոսյանի փոխարեն Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, ով նախկինում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալն էր:

Ինչ վերաբերում է նախօրեի ակցիային, ապա շրջանառվում են տեղեկություններ, որ ակցիայի մասնակիցներն այսպիսով պատասխանել են անցած շաբաթ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հակահարված art» նախաձեռնության երիտասարդ անդամների եւ դեկան Էդիկ Մինասյանի միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպին ու քաշքշուկին:

Հիշեցնենք, երբ «Հակահարված» նախաձեռնության անդամները ֆակուլտետի աստիճաններով բարձրանալով բարձրախոսներով ուսանողությանը հորդորում էին չհանդուրժել ընդդիմադիր ՀԱԿ-ի չորս երիտասարդ ակտիվիստներին ազատազրկելու դատարանի որոշումը, դեկանն ու անվտանգության աշխատակիցները վրդովված փորձում էին նրանց դուրս հրավիրել, ինչն էլ վերածվեց քաշքշուկի եւ հարվածների: Միջադեպի առիթով քննություն է իրականացվում:

«Հակահարված» նախաձեռնության ակտիվիստ Հերբերտ Գեւորգյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ կապ չունեն մայրաքաղաքի կենտրոնի փողոցներում անհնազանդության կոչեր տարածելու նախօրեի ակցիայի հետ, բայց եթե դա եղել է պատմության ֆակուլտետում իրենց հետ տեղի ունեցածի պատասխանը, ապա «ուրախ են, որ երիտասարդությունը ոտքի է կանգնում»:

Պատմության ֆակուլտետում տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ դեռ չի հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG