Մատչելիության հղումներ

Էշթոնը համագործակցության կոչ արեց Սաակաշվիլիին եւ Իվանիշվիլիին


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ողջունում է Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնին, Թբիլիսի, 26-ը նոյեմբերի, 2012թ.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ողջունում է Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնին, Թբիլիսի, 26-ը նոյեմբերի, 2012թ.

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիության արտգործնախարարը առաջին այցը կատարեց այդ երկիր։

«Ընտրովի արդարադատությունը եւ քաղաքական հակառակորդների դեմ հետապնդումները անթույլատրելի են», - Թբիլիսի կատարած այցելության ավարտին տարածած հայտարարությունում նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

Նա կոչ է արել հակադիր քաղաքական թիմեր ներկայացնող Վրաստանի նախագահին եւ վարչապետին կառուցողական համագործակցության ուղիներ գտնել՝ ելնելով վրացի ժողովրդի շահերից։

Եվրամիության արտգործնախարարի այցելությունն ու իշխանություններին ուղղված համագործակցության կոչը հաջորդում են Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում բարձրաստիճան տասնյակ պաշտոնյաների ձերբակալություններին։

«Նախկինում կատարված հանցագործությունների քննությունը պետք է լինի արդար եւ թափանցիկ», - ընդգծել է Քեթրին Էշթոնը։

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո սա Էշթոնի առաջին այցելությունն էր այդ երկիր։ Թբիլիսիում նա բանակցություններ վարեց նախ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, ապա` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ։

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սաակաշվիլիի հետ հանդիպմանը Քեթրին Էշթոնը կարեւորել է օրենքի գերակայությունը՝ գոհունակություն հայտնելով անցկացված ժողովրդավարական ընտրությունների եւ իշխանության խաղաղ փոխանցման հետ կապված։

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է Եվրամիություն - Վրաստան հարաբերություններին։

«Մենք քննարկեցինք անհրաժեշտությունը շարժվելու առաջ՝ ուշադրություն դարձնելով ամուր առեւտրային հարաբերություններ ստեղծելու եւ ասոցիացման համաձայնագրի խնդիրներին։ Մենք պետք է կարողանանք առաջընթաց արձանագրել այնպիսի ոլորտներում, որոնք հսկայական նշանակություն ունեն վրացի ժողովրդի համար։ Օրինակ, վիզաները կամ բոլոր այլ ուղիները, որոնք ամրապնդում ու խորացնում են մեր հարաբերությունները», - ասել է նա։

Քեթրին Էշթոնը վերահաստատել է, որ Եվրամիությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Եվրամիության արտգործնախարարը Թբիլիսիում մնաց ընդամենը երեք ժամ, ապա սկսեց շրջայցը Կենտրոնական Ասիայի չորս պետություններ՝ Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղըզստան եւ Տաջիկստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG