Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Սիրիայի ցավը` մեր ցավն է»


Սերժ Սարգսյանի եւ Միշել Սուլեյմանի համատեղ ասուլիսը, Բեյրութ, 26-ը նոյեմբերի, 2012թ. լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Սերժ Սարգսյանի եւ Միշել Սուլեյմանի համատեղ ասուլիսը, Բեյրութ, 26-ը նոյեմբերի, 2012թ. լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

«Խիստ մտահոգված ենք Սիրիայում տիրող իրավիճակով եւ այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով», - Բեյրութում հայտարարել է Հայաստանի նախագահը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը պաշտոնական այցով ժամանել է Լիբանան:

Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության եւ ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը Նախագահական այգում ծառ է տնկել՝ ի նշան Հայաստանի եւ Լիբանանի բարեկամության:

Լիբանանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը եւ Միշել Սուլեյմանը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Ասուլիսի ժամանակ իր հայտարարությունում Հայաստանի նախագահը ասել է, մասնավորապես, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի երկխոսություն, առկա են բարձր մակարդակի հարաբերություններ եւ այդ հարաբերությունները զարգացնելու ցանկություն:

«Նախագահ Սուլեյմանի հետ մենք արդյունավետ բանակցություններ ունեցանք. քննարկեցինք հայ - լիբանանյան համագործակցության մեջ նորանոր ոլորտներ ընդգրկելու հնարավորությունները, մտքեր փոխանակեցինք միջազգային` մասնավորապես մերձավորարեւելյան եւ հարավկովկասյան զարգացումների շուրջ: Վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա», - ասել է Սերժ Սարգսյանը։ - «Այս տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ այս ընթացքում ձեւավորվել են միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական կապեր, ստորագրվել են երեք տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց այս այցելության ընթացքում կավելանան, ավելի ճիշտ՝ արդեն ավելացան եւս երկուսը»:

«Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ», - շարունակել է Հայաստանի նախագահը։

«Խիստ մտահոգված ենք Սիրիայում տիրող իրավիճակով եւ այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունել է հարյուր հազարավոր հայերի, եւ Սիրիայի ցավը` մեր ցավն է», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։ - «Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման դիրքերից: Մենք դեմ ենք ուժի եւ բռնությունների կիրառմանը՝ եւ ոչ միայն Սիրիայում: Անհնար է տեւական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման եւ առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը»:

Հայաստանը, ըստ երկրի նախագահի, ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ Արաբական լիգայի
հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման եւ խաղաղության հաստատման ուղղությամբ: «Լիահույս ենք, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը», - ասել է Սերժ Սարգսյանը։

«Անդրադարձանք նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Վերահաստատեցի, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է վարել խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված քաղաքականություն: Մենք բացառում ենք խնդրի լուծման ուժային տարբերակը եւ հավատարիմ ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ հարցը բանակցային ճանապարհով լուծելու մեր հանձնառությանը», - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. - «Ցավոք, հարեւան Ադրբեջանն անտեսում է Մինսկի խմբի՝ վստահության կառուցմանն ուղղված բոլոր առաջարկները, շարունակում սպառազինությունների աննախադեպ կուտակումը եւ իր ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի: Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Սաֆարովի ներումն ու հերոսացումը դրա լավագույն ապացույցն էին: Սա էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն է, այլատյացության եւ ռասիզմի ցցուն օրինակ»:

«Հայերն ու լիբանանցիները միշտ առանձնացել են իրենց խաղաղասիրությամբ: Այսօր էլ պարոն Սուլեյմանի հետ համակարծիք էինք, որ ժողովուրդների կամքն արտահայտող փոփոխությունները պետք է իրագործվեն խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, առանց զոհերի, առանց ահաբեկչության։ Մենք խոր ցավով ընդունեցինք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության լուրը եւ շտապեցինք խստիվ դատապարտել նման ստոր արարքը, որը, հուսով ենք, չի սասանի Լիբանանի խաղաղությունը», - ասել է Սերժ Սարգսյանը։

«Մերձավոր Արեւելքում առկա իրադրությունը մեծապես շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ: Մենք խորապես շահագրգռված ենք առկա խնդիրների շուտափույթ հաղթահարմամբ եւ պատրաստակամ մեր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ գործին», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ երկրի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Մինչ այդ, նախագահն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղկեպսակ դրել հուշարձանին:

Օրվա ավարտին ի պատիվ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG