Մատչելիության հղումներ

Սարյանի տուն-թանգարանում բացվել է հոբելյանական ցուցադրություն


Բացվել է Մարտիրոս Սարյանի հոբելյանական ցուցահանդեսը
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00
Ճիշտ 45 տարի առաջ` 1967 թվականի նոյեմբերի 26-ին, Մարտիրոս Սարյանի կենդանություն օրոք, բացվեց նրա տուն-թանգարանը:

Մինչեւ Վարպետի մահը` 1972 թվականը, թանգարանը գործել է իր գլխավորությամբ:

Տուն-թանգարանը այսօր կազմակերպել էր հոբելյանական ցուցադրություն` համահավաք ներկայացնելով Սարյանի կյանքի վերջին 5 տարիներին ստեղծված բոլոր աշխատանքները` 53 գծանկար եւ 3 գեղանկար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նշեց, որ այս տարի նաեւ Մեծ վարպետի մահվան 40-ամյակն է. - «Բայց Սարյանը եւ մահը անհամատեղելի հասկացողություններ են, դրա համար մենք չենք ընդգծում դա»:

«Այն, ինչ արել է Սարյանը իր կյանքի վերջին 5 տարիներին, ուղղակի զարմացնում եւ ապշեցնում է, որովհետեւ նա սկսում է մի նոր փուլ իր ստեղծագործական կյանքում», - հավելեց նա` շարունակելով. - «Կյանքի վերջում Սարյանն այլեւս ժամանակ չուներ հետաձգելու: Նա իր բոլոր ապրումները, հիասթափությունները, նաեւ մարդու գործունեության հետ կապված, թե ինչպես է նա միջամտում բնությանը, ինչպես է ոչնչացնում էկոլոգիան, օր-օրի կենդանական աշխարհը ոչնչացնում, բուսական աշխարհը… Այդ ամբողջ ցավը արտահայտել է իր վերջին գծանկարներում»:

Գծանկարներից մեկը կոչվում է «Մոսկովյան-Թումանյան փողոց, 41». սա Սարյանի տան եւ թանգարանի հասցեն է: Նկարը պատկերում է փոքրիկ բրգանման մի շինություն, որի ստորոտում բանվորներ են աշխատում: Ուշագրավ է, որ գծանկարը Վարպետի ձեռքով գրած մակագրություն է ունի. - «Այս նկարը ես ստեղծել եմ խելոք մարդու համար: Եթե այդ խելոք մարդը գտնի քեզ, դու նրան նյութապես կօգնես իր խելքի դիմաց»:

«Ահա այսպիսի` մինչեւ այժմ անլուծելի մի գլուխկոտրուկ, որը մեր այցելուներին երեւակայության անսպառ հնարավորություն է տալիս», - ասաց Ռուզան Սարյանը:

Մարտիրոս Սարյանը մեր մեծերից միակն է, ում տուն-թանգարանը կառուցվել է իր կենդանության օրոք: Նրա թոռնուհու խոսքով` դա զարմանալի չէ, քանի որ Սարյանը «թանգարանաստեղծ գեղանկարիչ էր եւ հասարակական գործիչ»: Հենց Սարյանն է հիմնադրել Հայաստանի առաջին պետական թանգարանը` իր բոլոր բաժիններով, որոնք հետո վերածվեցին առանձին թանգարանների` Պատմության, Գրականության եւ արվեստի, Ազգագրության եւ այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG