Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը քննարկի ICAPP-ին բողոք հղելու հարցը


Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Բաքու, 22-ը նոյեմբերի, 2012թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Բաքու, 22-ը նոյեմբերի, 2012թ.

Հարցը քննարկվելու է կուսակցության վարչության առաջիկա նիստում:

«Ժառանգություն» կուսակցությունը կարող է պաշտոնական բողոք հղել Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսին (ICAPP)` Բաքվում կայացած լիագումար նիստում Րաֆֆի Հովհաննիսյանին լրացուցիչ ելույթ չտրամադրելու կապակցությամբ:

«Մենք չենք բացառում նման քայլը: Ամեն դեպքում դա կքննարկվի առաջիկա օրերին կուսակցության վարչության նիստում, երբ պարոն Հովհաննիսյանն նաեւ պաշտոնապես կներկայացնի եղելությունը արդեն վարչությանը, այդ ժամանակ կքննարկենք նաեւ այդ տարբերակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնենք, այդ կազմակերպության` Բաքվում անցկացված համաժողովի իր ելույթում Ադրբեջանին կոչ էր արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Նշենք, որ նոյեմբերի 21-24-ը Բաքվում անցկացված Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցել են Ասիայի 25 երկրների 60 քաղաքական կուսակցությունների 250 պատվիրակներ:

Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Երեւանում է, եւ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է նրա` ադրբեջանցիների շրջանում բողոքի ալիք հարուցած ելույթի տեքստը:

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու, հիշեցնենք, սկանդալով է ավարտվել. համաժողովի եզրափակիչ հռչակագրում հակամարտությունների կարգավորման կապակցությամբ տեղ է գտել միայն պետությունների տարածքային ամբողջականության մասին դրույթը, եւ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է իր անհամաձայնությունը հայտնել այդ առնչությամբ, նրան նոր ելույթի հնարավորություն չի տրվել, իսկ դահլիճում ներկա ադրբեջանցի եւ թուրք պատվիրակները սկսել են աղմկել` ձեռքերով հարվածելով սեղաններին: Դա ֆիքսել էր ադրբեջանական Yurd հեռուստաընկերության տեսախցիկը, եւ տեսաձայնագրությունը հայտնվել էր համացանցում:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կարող եք կարդալ այստեղ:
XS
SM
MD
LG