Մատչելիության հղումներ

Սասունյանը հիասթափված է «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքից


«Պետք է լուրջ վերանայվի ամեն ինչ. միայն գումարը չէ, այլ` կազմակերպությունը, ուղղությունը», - ասում է ամերիկահայ լրագրողը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տարիների ընթացքում շատ լավ աշխատանք է տարել, եւ Հիմնադրամը ինքը կարեւոր մի միավորում է, համախմբում է, որտեղ հավաքվել են Հայաստանի իշխանությունները, Արցախի ղեկավարությունը եւ Սփյուռքի գլխավոր ներկայացուցիչները։ Սակայն վերջին շրջանում տեսնում ենք, որ ինչ-որ ներքին կազմակերպչական, նաեւ ուղղության վերաբերյալ հարցեր կան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց The California Courier թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։

Նա դժվարացավ ասել` արդյոք այս բոլորը ազդե՞ց Հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքի վրա, թե՞` ոչ. - «Եթե ազդեցին, ես ցավում եմ, որովհետեւ այս տարի մանավանդ, որ Հիմնադրամը պետք է իր միջոցների մի մասը հատկացներ Սիրիայի հայությանը, որ շատ կարեւոր, մահու-կենաց հարց կա այդտեղ մեր ժողովրդի մի համայնքի համար, եւ ես կուզենայի, որ այս տարի շատ ավելի հաջող լիներ, քան անցյալ տարիներին»։

«Զանազան հարցեր կան, որ պետք է վերլուծել, մեկնաբանել», - նշեց Սասունյանը։

Ամերիկահայ լրագրողը չցանկացավ շտապ եզրակացություններ անել այդ ուղղությամբ։ «Որոշ մարդիկ կարող են ասել, թե աշխարհի տնտեսությունը վատ է, բայց անցյալ տարի էլ վատ էր աշխարհի տնտեսությունը, թերեւս նույնիսկ ավելի վատ էր անցյալ տարի, քան թե այս տարի, եւ կարող ենք ասել, որ Մոսկվայում ավելի շատ փող հավաքվեց անցյալ տարի, քան թե այս տարի, եւ այլն, բայց ես կարծում եմ, որ միայն փողի քանակը չէ կարեւորը, այստեղ նաեւ կարեւոր են ընդհանուր կազմակերպության, մոտեցման, ուղղության հարցերը», - ընդգծեց նա։

Սասունյանի կարծիքով` «Հիմնադրամի կենտրոնական մարմինը պետք է որ շտապ, առանց սպասելու հաջորդ մայիսի իրենց տարեկան հավաքին, հավաքվեն, խոսեն, վերլուծեն, թե ինչ պատահեց, ինչու պատահեց, ինչու այսպիսի հակասական հայտարարություններ կատարվեցին, ում արտոնությամբ»։ «Օրինակ, սկզբում հայտարարեցին [որ սիրիահայությանը հատկացվելու է «Հեռուստամարաթոն 2012»-ի ընթացքում հանգանակված գումարի] 10 տոկոս, հետո ասացին` չէ, 10 տոկոս չէ, այլ` մի մասը կհատկացնենք` անորոշ մի գումար, իսկ նրանք, որ զանգում են ասում են` իմ գումարը ում պետք է հատկացվի` սիրիահայությանը, այն ժամանակ այդ նվիրատուի 100 տոկոսը կհատկացվի... », - նշեց The California Courier-ի խմբագիրը։

Ավելին, Հարութ Սասունյանը տարակուսած է Հիմնադրամի Ֆրանսիայի շրջանի պատասխանատու Պետրոս Թերզյանի հայտարարության կապակցությամբ, «թե գումարները պետք է հատկացվեն Սիրիային, երբ պատերազմը ավարտվի Սիրիայում, եւ պիտի կառուցվեն ճանապարհներ եւ բնակարաններ»։ «Զարմանալի է, որովհետեւ Սիրիայի պատերազմը կարող է տեւել 5, 10, 15, 20 տարի, մինչ այդ Սիրիայի հայությունը այսօ՛ր պետք ունի շտապ օգնության` դեղորայքի, փողերի, սննդի, հագուստի, եւ երկրորդ` եթե տարիներ հետո այդ փողը պիտի հատկացվի Սիրիային, եթե այդտեղ համայնք չլինի այդ ժամանակ, մենք ի՞նչ պիտի անենք` Սիրիայի ինչ-որ մի իշխանությունների համար ճանապա՞րհ պիտի կառուցենք», - շեշտեց ամերիկահայ լրագրողը։

«Մանավանդ որ միաժամանակ գոյություն ունեին զանազան համայնքային միավորումներ, որոնք համախմբում էին զանազան գլխավոր կազմակերպություններ, եւ իրենք փող էին հավաքում Սիրիայի համար, եւ իրենց փողերը 100 տոկոս պետք է հատկացվեր Սիրիային։ Մանավանդ որ այն բոլոր մարդիկ, որ ուզում էին իրենց փողը Սիրիային տալ, չուզեցին այդ բանը անել Հիմնադրամի միջոցով, որովհետեւ միայն 10 տոկոս կամ անորոշ մի տոկոս պիտի գնար այդ տեղը` դա էլ հավանաբար ազդեց», - նշեց Սասունյանը։

«Պետք է լուրջ վերանայվի ամեն ինչ. միայն գումարը չէ, ինչպես ասացի, այլ` կազմակերպությունը, ուղղությունը», - ասաց The California Courier-ի խմբագիրը, ում համոզմամբ` Հայաստանի եւ Սփյուռքի ղեկավարները պետք է կարողանան «ճիշտ ձեւով ըմբռնել, բացատրել, մոտենալ այս հարցին ճիշտ ժամանակին», ոչ թե ժողովրդին շփոթեցնեն զանազան հայտարարություններով. - «Այնպիսի բաներ ասացին, որ ժողովուրդն էլ շփոթվեց, թե ճիշտ ինչ պիտի անեն, եւ հավանաբար ավելի դժկամ էր իր փողերը հատկացնում Հիմնադրամին»։

Անցած հինգշաբթի օրը անցկացված «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG