Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Սերժ Սարգսյանի այցը Լիբանան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին, 9-ը դեկտեմբերի, 2011թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին, 9-ը դեկտեմբերի, 2011թ.
Այսօր մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Լիբանան՝ 100-150 հազարանոց հայկական համայնք ունեցող երկիր, որը ներկայումս դժվարին ժամանակներ է ապրում՝ ներքաղաքական խորացող ճգնաժամի եւ հարեւան Սիրիայում շարունակվող բախումների ֆոնին:

Տեղում օրեցօր ավելի են սրվում մտավախությունները, թե սիրիական այս հակամարտությունը կարող է տարածվել հարեւան երկիր ու թարմացնել լիբանանյան 15 տարի շարունակված քաղաքացիական պատերազմի չսպիացած վերքերը։

Արդեն շուրջ մեկ ամիս է՝ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է Ազգային ժողովի նիստերն ու պահանջում է կառավարության հրաժարականը, որի ղեկավարը՝ սունի Նաջիբ Միկատին համարվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի աջակիցը, ընդդիմադիր շիա մահմեդականները, մինչդեռ, սատարում են Սիրիայի ապստամբներին:

Ներքաղաքական այս տարաձայնությունների պատճառով ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, թե կբոյկոտեն նաեւ Հայաստանի նախագահի մասնակցությամբ խորհրդարանում նախատեսված նիստը, թեեւ ընդգծել էին, որ այդ քայլը որեւէ կապ չունի հայաստանցի հյուրի հետ: «Արդյունքում, խորհրդարանի խոսնակը ստիպված էր այդ նիստի եւ ելույթների փոխարեն հանդիսավոր ընթրիք եւ ընդունելություն կազմակերպել», - ասում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը` ընդգծելով. - «Սա վերջին շրջանում ստեղծված լարված իրավիճակի` քաղաքական առումով, հետեւանք է, ներլիբանանյան խնդիր է եւ որեւէ կերպ Հայաստանի նախագահի այցի հետ չի կապվում»։

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա ոչ միայն Լիբանանի նախագահի, վարչապետի ու խորհրդարանի պատգամավորների, այլեւ հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգեւոր առաջնորդների հետ:

Տարիներ ի վեր Լիբանանը համարվում էր հայկական սփյուռքի կենտրոնատեղին` հաշվի առնելով այն, որ այստեղ էին երեք ավանդական կուսակցությունների գրասենյակները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի եւ Մերձավոր Արեւելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը։

«Այսօր էլ Բեյրութում գործում են համասփյուռքյան բազմաթիվ կառույցներ, եւ Հայաստանի նախագահի այցը շատ կարեւոր կարող է լինել հայրենիքի հետ նրանց հարաբերությունները ամրապնդելու համար», - ասում է Շահան Քանդահարյանը։

«Տարածաշրջանը ճգնաժամի մեջ է, եւ այստեղ Միջին Արեւելքի հայ համայնքների կազմակերպ մնալը համահայկական նշանակություն ունի։ Քաղաքական առումով, ես դիտարկում եմ նաեւ թուրքական գործոնի աշխուժացման դիմաց Երեւան - Բեյրութ միջպետական հարաբերությունների ակտիվացումը», - նշեց «Ազդակ»-ի խմբագիրը` հավելելով, որ երկու երկրների միջեւ արդեն իսկ բավական մեծ թվով պայմանագրեր կան կնքված։

Ավելի վաղ՝ մոտ մեկ տարի առաջ, Հայաստան էր այցելել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը, բանակցություններից հետո նախագահները նշել էին, որ այսօր Լիբանանը Հայաստանում ներդրումների ծավալով հինգերորդ երկիրն է, սակայն կողմերը գոհ չեն այս արդյունքից եւ ուզում են է՛լ ավելի զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG