Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 22-ի մամուլ


Մամուլը շարունակում է արձագանքել Ազգային ժողովի տապալված արտահերթ նիստի թեմային:

«Հրապարակ»-ը գրում է. - «Հենց այսօրվա համար էր մայիսին այդքան ջանք թափում Հանրապետականը, որ Ազգային ժողովի «որակյալ մեծամասնությունն» իրենը լինի: Այս պարագայում, անշուշտ, ամոթ է «որակյալ» բառն օգտագործելը, քանի որ ՀՀԿ խմբակցությունն այս բառի նախնական իմաստի հետ բոլորովին կապ չունի՝ ճիշտ հակառակը: Բայց իր կիսատ-պռատությամբ այնուամենայնիվ կարողացել է այնպիսի քանակի մանդատներ ձեռք գցել, որ պարզ գլխաքանակով կանխորոշի նիստերի ճակատագիրը եւ ցանկացած ֆորս-մաժորից զերծ մնա: Ի՞նչ իմաստ ուներ քվորումի բացակայությամբ տապալել խորհրդարանական ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը, այս օրերին հարցնում են մարդիկ: Չէ՞ որ միեւնույն է՝ քվեարկության պահին կարող էին պարզապես դեմ քվեարկել: Բանն այն է, որ երեկվա նիստով նախադեպ ձեւավորեցին եւ ընդդիմությանն իր «տեղը» ցույց տվեցին: Այսպես ասած, ուժի ցուցադրություն, որ մեր դեմ խաղ չկա՝ անգամ մի էլ փորձեք»:

«Հայոց Աշխարհ»-ում կարդում ենք. - «Տարօրինակ է, երբ ընդդիմադիրները բողոքում են քաղաքական մեծամասնության բոյկոտի դեմ, երբ ընդամենը վերջերս ԲՀԿ խմբակցությունը, իր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու փաստը պատրվակ բերելով, բոյկոտեց ԱԺ քառօրյան: Եթե ԲՀԿ-ն օգտագործում է քաղաքական պայքարի այդ ձեւը, ինչո՞ւ դա չի կարող անել խորհրդարանական մեծամասնությունը: Ինչեւէ: Ակնհայտորեն արտահերթի նախաձեռնողները երեկ փորձում էին մի «աննախադեպ» փոթորիկ բարձրացնել, այնպիսի ուժգնության, որ լուրը հասներ Ստրասբուրգ: Այնինչ այստեղ՝ Երեւանում, թերեւս քչերը իմացան եւ քչերին հետաքրքրեց ընդդիմադիր ուժերի եւ «այլընտրանքային» ԲՀԿ-ի հեղափոխական միջացառումը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Չեմ կարծում, որ խորհրդարանի 4 խմբակցությունների օրենսդիրները մտադիր են ժողովրդին համախմբել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կամ խորհրդարանական համակարգի շուրջ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» ներկայացնող բոլոր պատգամավորները եւ ԲՀԿ-ից 8-10 հոգի ունեն բավականաչափ մտավոր մակարդակ՝ հասկանալու համար, որ հանուն պառլամենտական հանրապետության մարդկանց ոտքի չես հանի: Մեր քաղաքացիների մեծամասնությունը չգիտի՝ դա ինչ է եւ որն է դրա օգուտը: Ինձ թվում է, որ այսօրվա հայաստանցիների համար նման համախմբող գաղափար չեն կարող լինել ժողովրդավարությունը, լեգիտիմությունը, սահմանադրական կարգը, օրինականությունը, արդարությունը եւ այլն: Դրանք չափից դուրս վերացական հասկացություններ են, եւ բացահայտել դրանց կապը ամեն մի քաղաքացու աշխատավարձի կամ թոշակի հետ գրեթե անհնարին է: Այդպիսի միասնական գաղափար չի կարող լինել նաեւ «ռեժիմից ազատվելը»՝ չնայած այստեղ, որքան հասկանում եմ, միասնություն չկա նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ: Թվում է, թե «ռեժիմից ազատվելը» պետք է համախմբի բոլոր դժգոհներին, որովհետեւ նույն փողոցային ակցիաների ժամանակ դուք կլսեք իշխանությունների հասցեին ամենաթունդ հայհոյանքներ, անեծքներ, բողոքներ, ատելության զանազան դրսեւորումներ: Բայց այդ էմոցիաները չեն ձեւակերպվում որպես քաղաքական համոզմունք եւ պահանջ: Եվ քանի դա այդպես է, այդ բողոքող եւ անիծող մարդիկ սուսուփուս կվերցնեն ընտրակաշառքը եւ կքվեարկեն «ինչպես որ հարկն է»:

Երեկ Ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելու էթիկայի կանոնները չպահպանելու համար ՃՈ-ի երկու աշխատակիցներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Արձագանքելով այս փաստին` «Ժողովուրդ» թերթը գրում է. - «Իհարկե, այսպիսով իրենց լկտի պահող եւ դրամաշորթությամբ զբաղվող բոլոր տեսուչները չեն վերանա, բայց որ ոստիկանապետի այս հրամանից հետ նրանք առնվազն կձգվեն եւ ավելի զգույշ կլինեն իրենց ավանդական վարվելակերպի դրսեւորման հարցում, կասկածից դուրս է: Այս օրինակը գալիս է ցույց տալու, որ եթե մենք` շարքային քաղաքացիներս, ամեն մեկս մեր չափով հետամուտ լինենք մեր իրավունքներին ու փորձենք այս կամ այն պաշտոնյայի, տեսուչի կամ պարզապես փողոցում սիգարետ նետող քաղաքացու արարքի հետ չհաշտվել, ապա բառիս իսկական իմաստով կարող ենք հեղափոխություն անել»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG