Մատչելիության հղումներ

Գագիկ Հարությունյանը այցելել է Ստրասբուրգ


Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը անցած շաբաթ աշխատանքային այց է կատարել Ստրասբուրգ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Դին Սփիլմանի հետ Գագիկ Հարությունյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում 2013 թվականի հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք «Եվրոպական իրավական չափորոշիչները եւ ազգային իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Սահմանադրական դատարանի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին հրավիրել է մասնակցելու այդ խորհրդաժողովին:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվել է հանձնաժողովի դերը Հայաստանի օրենքների նախագծերի փորձաքննության հարցում, արձանագրվել է շփումների բարձր մակարդակը եւ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, ինչպես նաեւ անդրադարձ է եղել 2013 թվականի հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք խորհրդաժողովում Վենետիկի հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարության աշխատակիցների մասնակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG