Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը այցելեց ԱՄԷ


Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ հանդիպմամբ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի։

ԱՄԷ-ի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այս այցելությունն առավել կամրապնդի համագործակցությունը։

Մուհամադ Ահմադ Մուրին եւ Էդվարդ Նալբանդյանը մտքեր են փոխանակել հայ - էմիրաթյան գործակցության ընդլայնման շուրջ` կարեւորելով, մասնավորապես, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանային միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ։

Աբու Դաբիում կայացել են Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄԷ-ի արտգործնախարար Շեյխ Աբդալա բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները։

Նախարարները, արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական եւ մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` երկուստեք կարեւորվել է Երեւանում ԱՄԷ-ի դեսպանության հիմնումը։

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց են ունեցել միջազգային օրակարգի խնդիրների՝ Գազայի հատվածում լարվածության աճի եւ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Նախարարները անդրադարձել են միջազգային հարթակներում համագործակցության եւ միմյանց թեկնածությունների սատարման հարցերին։

Հանդիպումից հետո արտգործնախարարները ստորագրել են Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջեւ օդային կապը։

Հայ - էմիրաթյան առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն էր նվիրված ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Նալբանդյանի հանդիպումը։

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Աբու Դաբիում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ում հայության ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG