Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական քաղաքապետը սատարում է ՀՀԿ-ական թեկնածուին


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «տեղյակ է» Սամվել Բալասանյանի դիրքորոշման մասին: ՀԱԿ-ի գնահատմամբ, այս որոշումը «չի նպաստում համախմբման ոգուն»:

Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ հայտարարել է այն մասին, որ թիվ 35 ընտրատարածքում սատարելու է հանրապետական թեկնածու Արման Սահակյանին:
Սա «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ ազգային կոնգրես բանակցությունների ֆոնին ինչ-որ տեղ անսպասելի հայտարարություն էր:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե արդյո՞ք կուսակցությունում տեղյակ են, որ իրենց տարածքային կառույցը, որը ղեկավարում է ԲՀԿ փոխնախագահ, նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այսպիսի որոշում է կայացրել:
«Բարգավաճ Հայաստան»-ը թիվ 35-ում թեկնածու չի առաջադրել եւ որեւէ թեկնածուի չի սատարում: Ինչ վերաբերում է պարոն Բալասանյանի հայտարարությանը, ապա Սամվել Բալասանյանը հստակ սպառիչ հիմնավոր իր դիրքորոշումը ներկայացրել է», - պատասխանեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն տեղյակ էր Սամվել Բալասանյանի այս դիրքորոշման մասին:

Նաիրա Զոհրաբյանը իր խոսքում ակնարկեց, թե Սամվել Բալասանյանը Հանրապետականին իր, այսպես ասած, պարտքն է վերադարձրել՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ իրեն սատարելու համար:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի թիվ 35 տարածքային կառույցի՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունը սատարելու որոշմանը, Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը այսպես մեկնաբանեց․- «Քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չունի թեկնածու, տեղի կառույցը կարող է քննարկել այդ հարցը ըստ նպատակահարմարության: Թիվ 35 ընտրատարածքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհուրդը, որը գլխավորում է պարոն Բալասանյանը, քննարկել է այդ հարցը, թե գործող թեկնածուներից ո՞ւմ սատարել, ո՞ւմ ծրագրերն են ավելի դրական գնահատվել կուսակցության տվյալ հատվածի ակտիվի կողմից, եւ որոշվել է, որ պետք է պաշտպանեն Արման Սահակյանի թեկնածությունը: Պարտքի զգացում, նման բաներ՝ չկան»:

Հանրապետական Արման Սահակյանը եւս հասցրել է հայտարարությամբ հանդես գալ, որ՝ պատրաստ է շարունակել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Բալասանյանի կիսատ թողած գործերը:

Այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սամվել Բալասանյանի հայտարարությանը հանրապետական թեկնածուի սատարելու մասին, ասել էր․ - «Մենք լսել ենք մամուլից ԲՀԿ-ի բացատրությունները, որ դա տեղական կառույցի որոշումն է: Մենք գիտենք, մեր տեղական կառույցի միջոցով, որ այնտեղ իրականում գոյություն ունեն ԲՀԿ-ի 3 տեղական կառույցներ, որոնցից մեկն է նման որոշում ընդունել: Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ նման որոշումը չի նպաստում համախմբման այն ոգուն, որը ստեղծվել էր վերջին օրերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG