Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 17-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք չի անի այնքան ժամանակ, մինչեւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չորոշի՝ առաջադրվում է, թե ոչ: Իսկ առաջին նախագահը դա չի ասի այնքան ժամանակ, մինչեւ Գագիկ Ծառուկյանը չասի՝ նա ինքնուրո՞ւյն է առաջադրվում, թե՞ պաշտպանում է որեւէ այլ թեկնածուի: Ինքնին այն փաստը, որ ՀԱԿ-ի գործողություններն ամբողջությամբ պայմանավորված են ԲՀԿ-ի գործողություններով, իսկ առաջին նախագահի հետագա քայլերը կախված են ԲՀԿ-ի առաջնորդի քայլերից, մեղմ ասած՝ օգուտ չի բերում ոչ Կոնգրեսին, ոչ էլ նրա ղեկավարին: Եթե դու ինքնուրույն քաղաքական ուժ ես եւ ունես քո հստակ նպատակները (պայմանականորեն այդպես անվանենք «օր առաջ այս ռեժիմից ազատվել»-ը՝ չնայած այստեղ էլ որոշակի խնդիր կա), ապա դու պետք է առաջարկես մյուսներին միանալ քեզ, ոչ թե քո ծառայություններն առաջարկես ուրիշներին՝ հարմարվելով նրանց օրակարգին, որը հստակ չէ, բայց ակնհայտորեն «ռեժիմից ազատվելը» չէ»:

Հարցը շարունակում է «Հրապարակ» օրաթերթը. - «Ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հարցնում են շարքային եւ ոչ այնքան շարքային քաղաքացիները: Ինչո՞ւ չի հայտարարում՝ պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Այս լռությունը, ըստ իս, այնքան էլ անմեղ չէ: Այն դեստրուկտիվ դեր է խաղում՝ համենայնդեպս ընդդիմադիր դաշտում: Տեր-Պետրոսյանը միշտ եւ բոլոր ժամանակներում համարվել է եւ համարվելու է ՀՀ նախագահի ամենաանցողիկ թեկնածուներից մեկը: Երբ նա լռում է եւ չի ասում, թե ինչ կա մտքին, բնականաբար, խանգարում է բոլոր պոտենցիալ թեկնածուներին, որոնք պետք է հսկայածավալ աշխատանք տանեն՝ առաջադրվելու պարագայում. թիմ ձեւավորեն, շտաբներ ստեղծեն, մարտավարություն մշակեն եւ այլն»:

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ասում է. - «Նախընտրական իրավիճակը դեռ ձեւավորման փուլում է, որովհետեւ առ այսօր միայն Հանրապետականը եւ «Ժառանգությունն» են հայտարարել թեկնածու առաջադրելու մասին։ Մյուսները դեռեւս պրպտումների, դեգերումների մեջ են։ Ինչ վերաբերում է նոր դեմքերի ի հայտ գալուն, ով էլ լինի՝ երկնքից չի ընկնելու. չի կարող այնպես լինել, որ քաղաքական դաշտում բացարձակապես անծանոթ մեկը հանկարծ մտնի խաղի մեջ։ Այդ առումով, կարծում եմ, անակնկալ զարգացումներ չեն սպասվում։ Երբ հիմնական քաղաքական ուժերը կողմնորոշվեն, հստակեցնեն իրենց դիրքորոշումը, այն ժամանակ պարզ կդառնան ե՛ւ գործող անձինք, ե՛ւ խաղի կանոնները, ե՛ւ սկզբունքները, եւ հնարավոր կլինի վերլուծություններ անել հավանական զարգացումների վերաբերյալ։ Այսօր ընդամենը կարող եմ ասել, որ նախընտրական շրջանի նախաշեմին ենք»։

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, պատասխանելով «Ժամանակ»-ի հարցին՝ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ հայտարարության ինչպե՞ս կանդրադառնա ԲՀԿ-ի վարկանիշի եւ ընտրազանգվածի վրա, ասում է, որ նշված հայտարարության ձգձգումը ոչ դրականորեն, ոչ բացասականորեն կանդրադառնա կուսակցության վարկանիշի վրա. - «Հասարակության մեջ այն ընտրազանգվածը, որը գումարով է քվեարկում, կազմում է 90 տոկոս, ուստի հասարակության համար ընդհանրապես մեկ է, թե ԲՀԿ–ի «հաջորդ դաս»-ը երբ կավարտվի՝ վա՞ղը, թե՞ հունվարի 15-ին: Եթե անգամ ընդունենք, որ դիրքորոշման հետաձգումը բացասական կանդրադառնա գիտակից ընտրողների վրա, բայց այդ գիտակից հատվածը կազմում է 10 տոկոս, որը նշանակություն չի ունենա այն 90 տոկոսի դեմ: Այդ տասը տոկոս ընտրազանգվածն էլ արդեն սկսում է հասկանալ, որ նախագահական ընտրությունների ելքը Հայաստանում ինքը չի որոշում, ինչը շատ ուժերի ստիպում է «հաջորդ դաս»-ի ժամկետը հետաձգել»:

«Ժողովրդի» խմբագիրը գրում է. - «Մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում կիսադատարկ դահլիճում ընթանում է 2013-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները, երկրի բարձրագույն ղեկավարությունը մեկնեց արձակուրդ: Ու եթե Սերժ Սարգսյանի այս տարաժամ արձակուրդը կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, ի վերջո նրա նախորդ կարճատեւ արձակուրդը օգոստոսին հարամել էր Պուտինը՝ Սերժ Սարգսյանին շտապ Մոսկվա հրավիրելով եւ Եվրասիական միությանը անդամակցելու խոստումներ պահանջելով, ապա Հովիկ Աբրահամյանի այս անսպասելի արձակուրդը տարակուսանքի տեղիք է տալիս: Եթե Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայությունը պետության համար կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի քննարկման օրերին այնքան էլ տեսանելի եւ էական չէ, ապա նույնը չի կարելի ասել Ազգային ժողովի նախագահի մասին: Ստացվում է, որ Աբրահամյանը որոշում է լքել աշխատավայրը ու մեկնել արձակուրդ իր ղեկավարած կառույցի համար ամենակարեւոր փուլերից մեկում՝ բյուջեի հաստատումից առաջ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG