Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի այցը Ֆրանսիա ավարտվեց


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 13-ը նոյեմբերի, 2012թ., լուսանկարը` նախագահի պատոնական կայքէջի
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 13-ը նոյեմբերի, 2012թ., լուսանկարը` նախագահի պատոնական կայքէջի
Հայաստանի նախագահի այցը Ֆրանսիա ավարտվեց
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահը 3 հիմնական շեշտադրում արեց․


Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահը 3 հիմնական շեշտադրում արեց․ միջազգային հանրությանը վստահեցրեց, որ պատրաստ են ազատ, արդար նախագահական ընտրություններ անցկացնել, Մինսկի խմբում համանախագահող երկրում շեշտեց՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, եւ անդրադարձ կատարելով Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի քաղաքականությանը՝ ասաց, թե Եվրոպայի հետ աղերսներ ունենալու համար այս երկիրը ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ։

«Գարնանը կայացած խորհրդարանական ընտրությունները աննախադեպ առաջընթաց առաջընթաց արձանագրեցին», - Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը Լիոնի քաղաքապետարանում նման գնահատական հնչեցրեց Հայաստանի նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ գրանցված առաջընթացը մտադիր են նաեւ զարգացնել․ - «Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը զարգացնելու եւ առաջիկայում ազատ, արդար ու թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնելու գործում»։

Հայ - ադրբեջանական խնդրից խոսելով` Սարգսյանը ասաց, որ վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը այլատյացության նոր ալիք բարձրացրեց` հերոսացնելով քնած հայ սպային կացնահարած վախկոտ մարդասպանին։ Այս դեպքը Հայաստանի նախագահը համարեց վերջնական ապացույցը այն բանի, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Արցախի ազատամիտ ու հերոսական ժողովուրդը չի կարող ապրել այլատյացության ու ծանր հանցագործության հովանավոր պետության կազմում», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Օլանդ-Սարգսյան հանդիպումից հետո լրագրողների համար արած հայտարարության մեջ Ֆրանսիայի նախագահը կարեւորեց հատկապես Ղարաբաղի հարցը եւ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված բանակցությունները կարծես թե վերսկսվում են։ Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը միջնորդ Ֆրանսիան մադրիդյան սկզբունքների շրջանակներում է տեսնում:

Նախագահների հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ միջազգային խնդիրներին։ Նախագահ Օլանդը Սիրիային վերաբերող հայտարարություն արեց, ասաց՝ հասկանալով Հայաստանի զգուշավորությունը, այնուամենայնիվ կարծում են, որ այդ երկրում պետք է իշխանափոխություն տեղի ունենա։ Իսկ Իրանին վերաբերող հատվածը, թեեւ չբարձրաձայնվեց, բայց Օլանդը հույս հայտնեց, որ Հայաստանի նախագահը Իրանին կհասցնի հանդիպման ընթացքում հնչած մեսիջները։

Ո՛չ Օլանդը, ո՛չ Սարգսյանը այս օրերի ընթացքում չխոսեցին Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի ճակատագրից։ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից ընդունված, ապա հակասահմանադրական ճանաչված այս օրինագիծը Օլանդը խոստացել էր վերադարձնել օրենսդիր մարմին դեռ որպես նախագահի թեկնածու, սակայն չի շտապում դա անել։ Փոխարենը՝ երկու նախագահներն էլ բարձրաձայնեցին տնտեսական կապերը զարգացնելու իրենց ցանկությունը։

Սերժ Սարգսյանը այցի ընթացքում մի քանի անգամ հրավիրեց ֆրանսիացիներին, ինչպես նաեւ Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին՝ Հայաստանում բիզնես հիմնելու։

«Զավեշտալի է, բայց փաստ, որ Ֆրանսիան, լինելով երկրորդ ներդրողը Հայաստանում, չի մտնում Հայաստանի առեւտրային գործընկերների գոնե տասնյակի մեջ։ Այս ցուցանիշի բարելավման հարցում, անկեղծ ասած, ակնկալում եմ ձեր գործուն մասնակցությունը», - նշեց Սերժ Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանում բիզնես հիմնելը շահավետ է, քանի որ մեր երկիրը ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում ազատականացված առեւտուր ունենալու համար, տնտեսական բարեփոխումներ է կատարել, որոնք, նախագահի խոսքով, բարելավել են ներդրումային ոլորտը, նաեւ ազատ առեւտրի համաձայնագիր ունի ԱՊՀ-ի հետ, նույնանման փաստաթուղթ ստորագրելու համար բանակցություններ են վարվում Իրանի հետ։

«Մենք չունենք բնական ռեսուրսներ, մենք գտնվում ենք գրեթե համատարած շրջափակման մեջ, եւ մեր միակ ելքը գործարար միջավայրի բարելավումն է եւ ներդրումներ ներգրավելը», - հավելեց Սերժ Սարգսյանը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանը ցանկանում է ոչ այնքան Ֆրանսիայի հետ առեւտրի ծավալներն ավելացնել, որքան նոր ներդրումներ ներգրավել։

Հայաստանի հնարավորությունները ներկայացվեցին առավելապես Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոն Լիոնում։ Գարնանը լիոնցի գործարարները կգան Հայաստան՝ տեղում համոզվելու այդ հայտարարությունների ճշմարտացիության մեջ։

Հայաստանի ղեկավարներից հայրենիքում բիզնես հիմնելու առաջարկ ստացած ֆրանսահայ գործարարները, սակայն, մեզ հետ զրույցներում չէին շտապում ծրագրեր ներկայացնել, նշելով, մի շարք խնդիրներ՝ հայաստանյան շուկան բավական մեծ չէ, կազմակերպչական խնդիրներ կան եւ այլն։

Հայաստանում հնարավոր չէ բիզնես հիմնել, պնդում են հայաստանցի որոշ գործարարներ` վկայակոչելով հարկային ծանր բեռը, պետական մարմիններում տիրող կոռուպցիան, գործող ծանոթ-բարեկամ սկզբունքը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` սփյուռքահայերին հրավիրելուց առաջ հարցերը կարգավորե՞լ են, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը արձագանքեց. - «Կա նաեւ կարծիք, որ Հայաստանում հնարավոր է աշխատել, եւ կան գործարարներ, որոնք այդ կարծիքը միանշանակ պնդում են։ Ասեմ, որ այդ կարծիքը շատ ավելի շատ է, քան հակառակ կարծիքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG