Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ցուցարարները խիստ կպատժվեն


Ադրբեջան -- Բողոքի ակցիա Ղուբայում, արխիվ
Ադրբեջան -- Բողոքի ակցիա Ղուբայում, արխիվ

Խորհրդարանը նոյեմբերի 2-ին ընդունել է օրենք, որը ծանր հարված կհասցնի ապօրինի ցույցերի մասնակիցների գրպանին։

Տուգանքի չափն ավելացավ ավելի քան 100 անգամ

Ադրբեջանի Միլի մեջլիսը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն ապօրինի հանրային միջոցառումներին մասնակցելու համար սահմանված տուգանքի չափն ավելի քան հարյուր անգամ ավելացել է։

Եթե նախկինում «չարտոնված» հանրահավաքի մասնակիցը կարող էր տուգանվել 7-ից մինչեւ 15 մանաթ (9-ից 15 ԱՄՆ դոլար), հիմա ստիպված կլինի վճարել 500-1100 մանաթ (700-ից 1400 դոլար)։ Էլ ավելի խիստ է «ապօրինի հանրահավաքի» կազմակերպիչների նկատմամբ կիրառվելիք պատիժը` 1500-ից 3000 մանաթ (1900-ից 3800 դոլար)։

Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Սեյմուր Կյազիմովը այսօր հրապարակած հոդվածում նշում է, որ դա երկու անգամ գերազանցում է իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձի չափը։

«Խոշոր գումարը կստիպի վերանայել դիրքորոշումը»

Տուգանքի չափը մեծացնելու առաջարկով հանդես է եկել Միլի մեջլիսում անկախ համարվող պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը, ով, այնուամենայնիվ, քվեարկում է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացրած օրինագծերի օգտին։

Ջաբրայիլովը համոզված է, որ ավելի մեծ տուգանքը զսպող դեր կունենա։

«Երբ գումարը փոքր է, դա ազատում է պատասխանատվությունից։ Մեծ գումարը քաղաքացուն կստիպի լավ մտածել ապօրինի հանրահավաքին մասնակցելուց առաջ»,- ասել է օրենսդիրը։

Միլի մեջլիսում նախագիծն ընդունվել է 105 կողմ, 5 դեմ քվեների հարաբերակցությամբ։

«Վճարվելիք տուգանքը քաղաքացիներին կպարտադրի զերծ մնալ օրինազանց գործողություններից»,- ասել է «Ենի Ազերբայջանից» խորհրդարան ընտրված Ալի Հուսեյնովը։

Բաքվի քաղաքապետարանը գրեթե միշտ մերժում է ցույցերի հայտերը

Սեյմուր Կյազիմովի փոխանցմամբ, Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները ընդդիմադիր խմբավորումներին որպես կանոն արգելում են կենտրոնում հանրահավաք անցկացնել եւ այդ միջոցառումների համար առաջարկում են Բաքվի արվարձանները, ինչը ընդդիմությունը մերժում է։

Վերջին հանրահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, եւ մասնակիցները հենց այս օրենքի դեմ են բողոքել։

Ընդդիմադիր կուսակցություններից «Մուսավաթը» նախագահ Իլհամ Ալիեւին դիմել է օրինագիծը չվավերացնելու կոչով եւ հայտարարել է, թե օրենքի նպատակն է հաջորդ տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ սահմանափակել խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունը։


«Բացարձակ անտրամաբանական օրենք»

«Նվազագույն աշխատավարձի չափը 30 անգամ գերազանցող տուգանքի սահմանումը խայտառակություն է մի երկրի համար, որն իրեն եվրոպական իրավական համակարգի մաս է համարում»,- ասել է իրավապաշտպան Նաթիկ Ջաֆարլին եւ ավելացրել.- «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ հավաքների անցկացումը կարգավորող օրենքները չպետք է հակասեն խոսքի ազատության օրենքին»։

Փաստաբան Խալիդ Աղալիեւի համոզմամբ, տուգանքի գումարը անհամաչափ է, եթե այն համեմատել ուրիշ օրինազանցությունների համար նախատեսված տուգանքների հետ։

«Այս օրենքը բացարձակ անտրամաբանական է, այն ունի մեկ նպատակ` մարդկանց ստիպել հեռու մնալ ցուցյերից, հրաժարվել խոսքի ազատությունից։ Դա ինքնին ապօրինի նպատակ է»,- ասել է Աղալիեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG