Մատչելիության հղումներ

Պանրի ստուգումները` «նախընտրական շոու»


Սննդի անվտանգության պետական ծառայության ստուգումների արդյունքում պանիր արտադրող 59 ընկերություններից 18-ի արտադրանքի մեջ աղիքային ցուպիկի մանրէներ են հայտնաբերվել:

Այդ 18 տնտեսվարողների գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Աղիքային ցուպիկի մանրէները պանրի մեջ կարող են առաջանալ կաթից, ջրից, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով: Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պարզվել է, որ հենց հակահիգիենիկ պայմանների պատճառով են պանրի մեջ հայտնաբերվել այդ մանրէները:

Խախտումներ կատարած երկու կամ երեք ընկերությունները, նրա խոսքով, նաեւ պանիր արտահանողներ են: Անցյալ տարի պանրի շուկայում կատարված ստուգումների արդյունքում եւս խախտումներ էին արձանագրվել, սակայն տնտեսվարողները տուգանվել էին, հետո շարունակել գործունեությունը, այս տարի ավելի խիստ մոտեցում են ցուցաբերել: Գործունեության ժամանակավոր կասեցումից բացի խախտում կատարած տնտեսվարողների նկատմամբ ավելի քան 10 միլիարդ դրամի տուգանք է կիրառվել:

Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանի կարծիքով պանրի արտադրության ոլորտում խնդիրները բազմաթիվ են եւ դրանց մասին անընդհատ բարձրաձայնվել է, սակայն կառավարությունը ուշադրություն չի դարձրել դրանց վրա:

«Երկու ձեռքով ես կողմ կլինեի, որ պետությունը կամ տեսչությունը իրոք վերահսկողություն կատարեր, բայց փորձից ելնելով մենք գիտենք, որ ոստիկանական, տեսչական ճանապարհով որեւէ արդյունքի չես հասնի: Միայն կոռուպցիոն ռիսկերը կավելանան: Հասկանում ենք` ընտրություններ են գալիս, ինչ-որ շոու կոմպոնենտ կա, բայց հարցին լուրջ մոտեցեք», - ասաց Արմեն Գիգոյանը:

Բաբկեն Պիպոյանն այսպիսի արտահայտությունն «անհեթեթ» անվանեց:

Աղիքային ցուպիկի մանրէները հայտնաբերվել են չանախ տեսակի պանրի մեջ: Արմեն Գիգոյանը նշեց, որ այդքան էլ չի վստահում այդ հետազոտության արդյունքներին:

«Նույն արտադրողի մոտ լոռիի ստուգումները դրական են եղել, չանախինը՝ ոչ», - նշեց նա:

Ծառայության` սխալ լինելու դեպքում նրան դատական կարգով պատասխանատվության ենթարկելու տարբերակին Պանիր արտադրողների միության նախագահը թերահավատորեն է մոտենում:

«Ո՞ւմ պետք է դատի տալ եւ ո՞ւմ միջոցով: Մեր այսօրվա դատական համակարգո՞վ, կառավարությա՞նը: Գործնականում դա արդյունավետ չի լինելու, դրա համար մարդիկ գլուխները կախ աշխատում են», - ասաց նա:

Բժիշկ-մանրէաբան Անուշ Ոսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ աղիքային ցուպիկը մարդու օրգանիզմի մշտական բնակիչն է, սակայն կան դրա տարատեսակներ, որոնցից ոմանք, օրգանիզմի դիմադրողականությունից ելնելով, կարող են աղիքային հիվանդություններ առաջացնել:

Բժշկի փոխանցմամբ` այն հատկապես վտանգավոր է, եթե երեխաների օրգանիզմ է ընկնում: Այդ դեպքում առաջանում է փսխում, օրգանիզմի ջրազրկում, որի պատճառով էլ ծանր հետեւանքներ են հնարավոր: Առողջ մարդկանց դեպքում, դրա վնաս հասցնելու հավանականությունը նվազագույնն է:

«Միայն պանիր ուտելիս հնարավոր չէ աղիքային խանգարում ստանալ, որոշակի այլ երեւույթներ էլ պիտի լինեն կողքից, որպեսզի ունենանք այդպիսի խանգարում», - նշեց Ոսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG