Մատչելիության հղումներ

Էական առաջընթաց` վիզայի դյուրացման համաձայնագրի ուղղությամբ


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեա
Եվրամիությունն ու Հայաստանն արձանագրել են էական առաջընթաց Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` այս թեմայի շուրջ հրավիրված սեմինարի ընթացքում:

Ըստ դեսպանի` առաջընթացը կապահովի մուտքի արտոնագրերի մատչելիությունը եւ կբարելավի համագործակցությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ: ԵՄ երկրներ մեկնող մարդիկ ավելի հեշտ ու էժան կստանան մուտքի արտոնագրեր: Օրինակ, ներկայիս 60 եվրոյի փոխարեն կվճարեն արդեն 35 եվրո: Փաստաթղթի համաձայն ՀՀ քաղաքացիների որոշ կատեգորիաների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Խմբի մեջ մտնում են ուսանողներ, արվեստի, սպորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչներ, ճանապարհորդներ, ինչպես նաեւ առողջական նկատառումներով ճանապարհորդող, սփյուռքահայ կազմակերպությունների կողմից հրավեր ստացած անձինք: Այս մասին էլ իր ելույթի ընթացքում նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը:

«Մեծանալու է բազմակի վիզաների քանակը, մինչեւ հինգ տարի ժամկետով կտրվեն վիզաները վերոհիշյալ կատեգորիաներին: Առաջնահերթ նպատակն է վիզաների դյուրացման միջոցով խթանել միջմարդկային կապերը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ», - ասաց Մարգարյանը:

Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի կարգավորում կենսափաչական անձնագրերին առնչվող խնդիրներ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` այդ դեպքում ինչո՞ւ շրջանառության մեջ մտան 25 հազար դրամ արժողությամբ այդ անձնագրերը, որոնք որպես առավելություն ենթադրում էին հենց դյուրին ճանապարհով մուտքի վիզայի ստացում, Մարգարյանը պատասխանեց. - «Ակնկալվում է, որ հետագայում կենսաչափական անձնագիր ունեցողները կարող են ավելի արագացված կամ դյուրացված ընթացակարգերով մուտք գործեl Եվրամիություն` թեկուզ այնտեղի սահմանակետերը հատելու առումով»:

Հարցին, թե առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները կարո՞ղ են փոխել համաձայնագրերի վավերացման բնականոն ընթացքը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ասաց, որ սա իրավական գործընթաց է եւ պետք է չէ կապել քաղաքական միջոցառումների հետ:

Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին Բրյուսելում նախաստորագրվեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը: Ռեադմիսիան ենթադրում է ԵՄ տարածքում անօրինական բնակվող ՀՀ քաղաքացիների ետ ընդունման գործընթաց: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն այս առիթով ասաց, որ այսօր որեւիցե մարմնի հայտնի չէ, թե ինչքան մարդ է ապօրինի ապրում արտերկրում: Ըստ նրա` 90-ական թվականներից սկսած միգրացիոն հոսքերի 8-9 տոկոսն ուղղված է եղել ԵՄ երկրներ:

Ռեադմիսիան թեպետ դիտվում է որպես անկանոն միգրացիայի պայքարի միջոցներից մեկը, սակայն շատ ավելի կարեւոր է ռեինտեգրացիան, որպեսի մարդու համար միջավայր ստեղծվի եւ նա նորից չմտածի արտագաղթելու մասին: Եգանյանն ասաց, որ այս ուղղությամբ արդեն ծրագրեր մշակվում են:

«Ծրագիրը, որը սկսվելու է, վերաբերում է վերադարձողների ռեինտեգրացիոն աջակցություն ցուցաբերելուն` 3 միլիոն եվրո բյուջեով, երեք տարի տեւողությամբ: Վեց երկրներ պետք է այդ ծրագիրը իրականացնեն մեզ հետ համատեղ», - ասաց Եգանյանը:

Ակնկալվում է, որ համաձայնագրերը մինչեւ տարեվերջ կստորագրվեն, սակայն ամիսներ կպահանջվեն վավերացման գործընթացների համար: Դեսպան Հրիստեան հույս հայտնեց, որ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի փորձը կօգնի շատ ավելի արագ ու հարթ անցում կատարել:

Հավելենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ` ԵՄ երկրների քաղաքացիները հաջորդ տարվա հունվարից կկարողանան Հայաստան առանց վիզայի: Դեսպան Հրիստեան էլ նշեց, որ այս պայմանագրի հաջող իրականացումը անհրաժեշտ առաջին քայլ կլինի, որը Հայաստանին կտանի դեպի մուտքի արտոնագրի ազատականացման գործընթաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG