Մատչելիության հղումներ

«Ղարաբաղ տելեկոմը» նվազեցրեց ինտերնետի սակագները


«Ղարաբաղ Տելեկոմը» նոյեմբերի 12-ից շեշտակիորեն նվազեցրել է ինտերնետի սակագները, բարձրացրել տրամադրվող կապուղու թողունակությունը։

Ընկերության տրամադրած լայնաշերտ կապուղու 128 եւ 256 կբիթ/վրկ արագություններից օգտվող բոլոր բաժանորդների ծառայության արագությունը այսուհետեւ հասցվելու է 512 կբիթ/վրկ, իսկ 4096 կբիտ/վրկ` մինչեւ 6144 կբիտ/վրկ:

Նվազագույն՝ 512/512 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ ունենալու համար, որի գինը նախկինում կազմում էր 7 399 դրամ, բաժանորդներն այժմ կվճարեն 3 000 դրամ: Զգալի՝ 50-60 տոկոսով նվազեցվել են գները նաեւ ավելի բարձր արագությունների դեպքում։

Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների բաժանորդների մոտ 80 տոկոսը օգտվում է 128 եւ 256 կբիթ/վրկ արագությամբ կապից, իսկ ընդհանուր առմամբ ԼՂ-ում ինտերնետ բաժանորդների թիվը հասնում է մոտ 10 հազարի:

«Ղարաբաղ Տելեկոմը» ԼՂ-ում գործում է 2002 թվականից, եւ հանդիսանալով ԼՂ-ի հեռախոսակապի միակ օպերատորը, նաեւ ամենախոշոր ինտերնետ- մատակարարն է: Ունենալով մենաշնորհ այս ոլորտում՝ ընկերությունը մշտապես բողոքների եւ դժգոհությունների թիրախ է դառնում: Այդ մասին են վկայում ֆեյսբուքում այդ նպատակով բացված խմբերը եւ դրանցում տեղ գտած քննարկումները:

«Մենք միայն վերջին երկու տարում է, երբ սկսեցինք youtube-ով երգ լսել, մինչ այդ մեզ հաջողվում էր ընդամենը կարդալ youtube-ի վերնագրերը, բայց վճարում էինք աշխարհի ամենաբարձր գները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է ինտերնետի բաժանորդ Անուշ Հայրապետյանը, - «Այո, սակագները իջեցրել են, բայց որակի բարելավում դեռ չենք զգում: Կոնկրետ իմ ընտրած արագությունը իրականության հետ չի համապատասխանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG