Մատչելիության հղումներ

ՀՀԿ համագումարի ամսաթվի փոփոխման որոշում չկա


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում, արխիվ 10-ը մարտի, 2012թ․
Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում, արխիվ 10-ը մարտի, 2012թ․

Դեկտեմբերի 15-ին կայանալիք արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանը պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու։

Հանրապետական կուսակցության դեկտեմբերի 15-ին կայանալիք 14-րդ արտահերթ համագումարում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես կառաջադրվի որպես առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե՝ վերջին օրերին թերթերում շրջանառվում են լուրեր այն մասին, որ համագումարի օրը կհետաձգվի կամ այն ընդհանրապես չի կայանա, Սահակյանն ասաց․ - «Գործադիր մարմինը այլ որոշում՝ քան դեկտեմբերի 15-ը, դեռեւս չի կայացրել։ Եթե կլինեն խնդիրներ, կամ մեր Գործադիր մարմինը այլ որոշում կկայացնի, ապա դա կհրապարակվի պաշտոնապես։ Թե թերթերը ի՞նչ տեղեկատվություն են տարածել՝ դա իրենց խնդիրն է»։

Համագումարին ընդառաջ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության շրջանային կառույցներից մեկում անցած շաբաթվա ավարտին ժողով է տեղի ունեցել, որի ընթացքում 112 մասնակիցները ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին միաձայն առաջադրել են ՀՀ նախագահի թեկնածու։ Ժողովին ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը։ Հովհաննես Սահակյանից փորձեցինք պարզել, թե ո՞րն է այս ժողովներում նման հարցեր բարձրացնելու նպատակը։ Սահակյանը բացատրեց, որ ՀՀԿ բոլոր անդամները ներառված են այս կամ այն նախնական կառույցի մեջ։ Նախքան համագումարը ՀՀԿ-ի բոլոր նախնական կառույցները պետք է նման ժողովներ իրականացնեն, որոնց արդյունքները ամփոփվելու են համագումարում։

«Որպես շրջանային խորհրդի ղեկավար ես ինքս մասնակցել եմ Սպիտակի տարածքային կառույցի ավելի քան 8-9 համայնքների ժողովներին, եւ այնտեղ էլ առաջադրում-առաջարկը եղել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը», - նշեց ՀՀԿ ներկայացուցիչը։

Մեր հարցին՝ հավանակա՞ն է արդյոք, որ ժողովներից որեւէ մեկում մասնակիցները չառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ նախապատվությունը տալով ՀՀԿ-ի այլ ներկայացուցչի, Սահակյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարող կանխատեսում անել։ Բավականին բարդ քննարկում է եղել եւ եղել են մարդիկ, ովքեր խոսել են սոցիալական պայմաններից, տնտեսական խնդիրներից, գյուղում տիրող իրավիճակից։ Մենք ընդհանուր զրույցի ժամանակ քննարկել են՝ ինչու հենց նախագահ Սարգսյանը։ Պատճառը եւ պարզաբանումը եղել է հստակ, այն է՝ մեր երկրի հետագա զարգացումը տեսնում ենք միանշանակ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG