Մատչելիության հղումներ

ՀԱՀ-ի բակալավրիատ դիմելու համար միասնական քննություններ անհրաժեշտ չեն


Հանդիսավոր միջոցառում Հայաստանի ամերիկյան համալսարանում, արխիվ

«Գործարար կառավարում», «Հաշվողական գիտություններ» եւ «Անգլերեն եւ հաղորդակցություն». այս մասնագիտությունների գծով Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) 2013-2014 ուստարվանից կսկսի բակալավրի կրթություն տրամադրող ծրագիրը:

Մասնագիտություններն ունեն ենթաբաժիններ, որոնք դիմորդը կարող է ընտրել համալսարան ընդունվելուց հետո, ինչպես նաեւ կարող է դիմել երկու մասնագիտության համար:

Նոր ուստարվանից դասավանդվելու են ՀԱՀ-ի համար նոր առարկաներ, այդ թվում` հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն:

«Ուզում ենք շեշտել, որ ուսանողները պարտավոր են մյուս երկու ֆակուլտետներից ընտրել իրենց հետաքրքրող դասընթացներ: Ընդհանուր առմամբ 40 դասընթաց պիտի ավարտեն, կեսը իրենց մասնագիտությամբ է, մյուս կեսը՝ տարբեր ոլորտներից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱՀ-ի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Թոմ Սամուելյանը:

Համալսարան ընդունվելու համար հարկավոր է հանձնել ոչ թե միասնական քննություններ, այլ անգլերեն եւ մաթեմատիկա։ «Անգլերենի համար առաջարկում ենք TOEFL, մաթեմատիկայի համար առաջարկում ենք մեր կազմած ծրագիրը, որը ամբողջովին հիմնված է ավագ դպրոցի ծրագրի վրա», - ասաց Թոմ Սամուելյանը:

Ընդունելության համար դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: Ընդունվել են, թե ոչ` դիմորդները կիմանան մայիսի վերջին, որպեսզի ցանկության դեպքում կարողանան դիմել նաեւ այլ բուհեր:

«Գործարար կառավարում» մասնագիտության համար վարձը կազմում է տարեկան 1 միլիոն 200 հազար դրամ (մոտ 3 հազար դոլար), մյուս երկու մասնագիտությունների համար՝ 1 միլիոն դրամ, սակայն ուսանողները կարող են դիմել ֆինանսական օժանդակություն եւ կրթաթոշակներ ստանալու համար` վարձը մուծելու նպատակով:

Դեռեւս հստակ չէ, թե քանի ուսանող կընդունվի։ Համալսարանից փոխանցեցին, որ «Գործարար կառավարում» մասնագիտության համար նախատեսում են մոտ 160 տեղ, մյուս երկու մասնագիտությունների համար` 80-ական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG