Մատչելիության հղումներ

Alitalia-ն կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան


Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Alitalia-ն, դեկտեմբերի 11-ից սկսում է կանոնավոր թռիչքներ իրականացնել Հռոմ-Երեւան-Հռոմ ուղղությամբ: Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 անգամ՝ Ա-320 տիպի օդանավով:

Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի եւ Հայաստանի տարածաշրջանում Alitalia ավիաընկերության գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնինի այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ շատ կարեւորում են հայ-իտալական տնտեսական եւ զբոսաշրջության հարաբերությունների ներուժը։

Եվրոպայից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ տոմսերը բավական թանկ են, բայց Alitalia-ն մատչելի գներ է շուկա մտցնում:

«Սա Հայաստանում մեր մեկնարկն է, եւ մենք պատրաստվում ենք մրցակցային դաշտ ապահովել», - այս առնչությամբ մեկնաբանեց ավիաընկերության ներկայացուցիչը։

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ հայկական օդանավակայանի սպասարկման գները բավական բարձր են։ Մասնավորապես՝ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը այսօր լուրջ խնդիրներ ունի «Զվարթնոց» օդանավակայանի հետ՝ ընկերությունը բողոքում է սպասարկման գներից եւ չի կարողանում մարել պարտքերը: Այն հարցին, թե չի՞ անհանգստացնում է արդյոք այս հանգամանքը, Ջովանի Սիմոնինին պատասխանեց․ - «Մենք չափազանց գոհ ենք օդանավակայանի հետ ստորագրած մեր պայմանագրից»:

Հաշվի առնելով այն, որ Alitalia-ն պատրաստ է մեծ ներդրումներ անել Հայաստանում, հնարավո՞ր է արդյոք, որ նա դառնա «Արմավիա»-ի գնորդը: Այս հարցին Ջովանի Սիմոնինին պատասխանեց, թե որքանով ինքը տեղեկացված է՝ նման հետաքրքրություն չկա:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ ու լիազոր դեպան Բրունո Սկապինին, ով իր հերթին կարեւորեց հայ-իտալական այս համագործակցությունը եւ նշեց, որ հայ-իտալական ապրանքաշրջանառությունից բացի զարգանում է նաեւ զբոսաշրջությունը երկու երկրների միջեւ: Դեսպանի խոսքով, այս պահին Հայաստան ժամանող եվրոպական զբոսաշրջիկների թվում իտալացի զբոսաշրջիկները առաջին տեղում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG