Մատչելիության հղումներ

Սիրիա օգնություն տեղափոխող օդանավը կրկին զննել են Թուրքիայում


Թուրքիա -- Հայկական ինքնաթիռը ստուգումներ է անցնում Էրզրումի օդանավակայանում, արխիվ, 15-ը հոկտեմբերի, 2012թ․
Թուրքիա -- Հայկական ինքնաթիռը ստուգումներ է անցնում Էրզրումի օդանավակայանում, արխիվ, 15-ը հոկտեմբերի, 2012թ․

Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը Երեւանի ժամանակով ժամը 14-ին վայրէջք կատարեց Հալեպում։

«Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության ուղարկած պարենը այս անգամ էլ մինչ Սիրիա հասնելը ստուգման ենթարկվեց Թուրքիայում։

Օդանավը վայրէջք կատարեց Էրզրումի օդանավակայանում։ Լրատվամիջոցները նկարահանել են միայն բեռնատար ԱՆ 12-ի վայրէջքի պահը, բուն ստուգումը տեսախցիկներից հեռու պահելու համար ինքաթիռը շրջափակվել է տասնյակ բեռնատար մեքենաներով.

Ինչպես թուրքական աղբյուրներն են հաղորդում, անվտանգության աշխատակիցները մանրազնին ուսումնասիրել են «Էյր Արմենիա» բեռնափոխադրող ընկերության ինքաթիռը։ Շուրջ 15 տոննա բեռը, որ բաղկացած է եղել հիմնականում փաթեթավորված տուփերից, մեկ առ մեկ հետազոտվել է, սկանավորվել։ Մի քանի ժամ շարունակված ստուգումներին ներգրավված են եղել բժշկական խմբեր, վարժեցրած շներ։

Ինչպես նախապես հայտարարել էր հայկական կողմը, Սիրիայի հայ համայնքի համար նախատեսված հումանիտար օգնությունը միայն սննդամթերք է, ինչում համոզվել են նաեւ թուրք իրավապահները։ Ինքնաթիռի վայրէջքը նախապես պլանավորված էր եւ համաձայնեցված Երեւանի հետ։ Թուրքական լրատվամիջոցները այս ստուգումը պատճառաբանում են կասկածներով, թե ինքնաթիռը զենք է տեղափոխում։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգողներից դաշնակցական Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում ասում էր, որ այստեղ որեւէ անակնկալ չկա եւ իրենք նորմալ են վերաբերվում Թուրքիայի այս կեցվածքին՝ կարեւորը բեռը տեղ հասնի․ - «Մենք պիտի հատեինք Թուրքիայի օդային սահմանը․ երկիր, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ եւ պայման կար զննման։ Մենք էլ որեւէ խնդիր այդտեղ չէինք տեսնում, որովհետեւ մեր հիմնական առաքելությունը Սիրիայում հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայերին աջակցությունն է։ Իհարկե, մի քիչ ժամանակ ենք կորցնում, բայց դա այդքան էական չէ»։

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ դարձյալ Էրզրումի օդանավակայանում շուրջ վեց ժամ ստուգվեց «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության ուղարկած պարենային մթերքի առաջին պաշարը՝ այդ թվում ձավարեղեն, ձեթ, յուղ, մակարոն:

Լիլիթ Գալստյանի խոսքով, այս անգամ մթերքը գնելիս հատուկ ուշադրություն են դարձրել, թե կոնկրետ ինչի պահանջարկ կա համայնքում. - «Այդ թվում 1 տոննա պանիր եւ կաթի փոշի։ Ինչու եմ հատուկ նշում կաթի փոշին՝ որովհետեւ մանկական սնունդի կարիք կար այնտեղ։ Եվ պահածոներ, սնունդ, շաքարավազ, ձեթ։ Մենք նախապես պատրաստած 15 կիլոգրամանոց պարենային արկղեր ունեինք, որ այնտեղ բաժանումը հեշտ լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG