Մատչելիության հղումներ

«Գազի գնի հետ կապված բանակցությունները շարունակվում են»


«Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ գազի գինը բարձրացել է», - Ազգային ժողովում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի այս դիտարկմանը էներգետիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն արձագանքեց, թե ինքը չի կարող պատասխանել այդ հրապարակումներին, միայն տեղյակ է, որ գազի գնի շուրջ մեր կառավարությունը դեռեւս բանակցում է ռուսական կողմի հետ։

«Գազի գնի հետ կապված բանակցությունները դեռեւս շարունակվում են, եւ, բնականաբար, այս պահին ես նոր տեղեկատվություն չունեմ», - նշեց Պետրոսյանը։

Էներգետիկայի փոխնախարարը գազի նոր գնի, այսինքն՝ թանկացման, նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասը ռուսական ընկերությանը փոխանցելու մասին մամուլի պնդումներին այսօր չպատասխանեց։ Սրանք հարցեր էին, որ պատգամավորները պատրաստվում էին ուղղել նրա ղեկավարին՝ էներգետիկային նախարար Արմեն Մովսիսյանին, սակայն վերջինս չէր եկել խորհրդարան։ Նրա փոխարեն փոխնախարարն էր ներկայացել։

Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին հետաքրքրվողը կրկին Բագրատյանն էր․ - «Տեսական ֆիզիկան հստակ ասում է, որ մի օր ռեակտորները չեն դիմանալու եւ ժամանակն է փոխարինել նոր ռեակտորով։ Արդեն 16 տարի խոսակցություն ենք լսում, որ՝ համակարգվում է, որ՝ քննարկեցինք, որ՝ պրեզիդենտները նայեցին․․․ ե՞րբ է սկսվելու աշխատանքը շինարարության գծով»։

Փոխնախարար Սիմոնյանը հանգստացրեց նախկին վարչապետին, ասաց՝ ատոմակայանի աշխատանքն անվտանգ է, վկայակոչեց միջազգային հանրությանը։

«Ատոմակայանի ռեսուրսը վերագործարկման ժամանակ՝ առնվազն մինչեւ 2016 թվականին նրա շահագործումը որեւէ մեկի մոտ որեւէ մտահոգություն, որեւէ կասկած ե՛ւ իրավական, ե՛ւ տեխնիկական առումով, չի առաջացնում», - նշեց նա։

«Հաջորդ տարի օգոստոսին կառավարությունը հանդես կգա գործող էներգաբլոկը եւս 10 տարի շահագործելու նախաձեռնությամբ», - այսօր ասաց փոխնախարար Սիմոնյանը, - «Այս տարի պետք է կատարվեն այդ ուղղությամբ հետազոտությունները, գնահատվի ֆինանսավորումը, որից հետո որոշվի՝ ինչ աղբյուրներից պետք է դրանք ներգրավվեն։ Ասեմ, որ այս հարցում միջազգային հանրության վերաբերմունքը նորմալ է, դրական։ Համենայնդեպս, ե՛ւ Ատոմային էներգիայի գործակալությունը, ե՛ւ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարեցին, որ եթե մենք որոշում ընդունենք, նրանք պատրաստ են մեզ աջակցել այդ գործում»։

Իսկ նոր ռեակտորի կառուցումը ե՞րբ են պլանավորում ավարտել։ Հիմնական խնդիրը ֆինանսավորումն է, արձագանքեց էներգետիկայի փոխնախարարը՝ նշելով, որ օր առաջ կցանկանային սկսել նորի կառուցումը։

Նշենք, որ հաջորդ տարվա բյուջեում նոր էներգաբլոկի կառուցման համար միջոցներ չեն նախատեսվել եւ ինչպես այսօր փոխանցեց էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը, ցանկալի է, որ նոր էներգաբլոկը ոչ թե բյուջեի հաշվին կառուցվի, այլ օտարերկրյա ներդրումների։

«Մենք որոշում ենք ընդունել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ, որի հիմնական խնդիրը դրա ֆինանսավորման աղբյուրների հայթայթման խնդիրն է։ Այս ուղղությամբ բանակցությունները շարունակվում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մյուս երկրների հետ», - մանրամասնեց փոխնախարարը։

Վերջում տեղեկացնենք, որ երկու օրից կսկսվի Մեղրի ՀԷԿ-ի ձգձգված շինարարությունը։ Էներգետիկայի բնագավառում Իրանի հետ իրականացվող այս ծրագիրը պետք է դեռ անցած տարի մեկնարկած լիներ, սակայն ձգձգվեց։ Ինչպես մեր կառավարությունը պարզաբանեց՝ ՀԷԿ-ի շինարարության գումարները տրամադրած իրանական կողմի որոշ տնտեսական խնդիրների պատճառով։

Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի արտադրված էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան։ Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին՝ այդ պահին ունենալով առնվազն 10 տարվա շահագործման ռեսուրս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG